Իրանի հետ հակամարտության պատճառով ԱՄՆ առաջատար ավիաընկերությունների ֆինանսական ծախսերը կավելանան 11,6 միլիարդ դոլարով՝ Դա կապված է վառելիքի լրացուցիչ ծախսերի հետ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Ըստ պարբերականի՝ նավթի գների կտրուկ տատանումների նկատմամբ ավիափոխադրողների խոցելիությունը պայմանավորված է վառելիքի ապագա գնումները չհեջավորելու նրանց որոշմամբ։ American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը և Southwest Airlines-ը տասը տարի առաջ հրաժարվել են ռիսկերի ապահովագրումից՝ պնդելով, որ այդ գործելակերպի երկարաժամկետ ծախսերը գերազանցում են ցանկացած կարճաժամկետ օգուտ՝ գների կտրուկ աճի դեպքում։
Սակայն այժմ նրանք ստիպված կլինեն շաբաթական լրացուցիչ մինչև 280 միլիոն դոլար ծախսել ավիավառելիքի վրա՝ ածխաջրածինների ներկայիս բարձր գների պայմաններում։ Ավելի վաղ Brent տեսակի նավթի գինը հասել է իր ամենաբարձր արժեքին՝ 119 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
ԱՄՆ-ում ավիացիոն վառելիքի գինը Հորմուզի նեղուցում նավագնացության ճգնաժամի պահից ի վեր աճել է գրեթե 60%-ով՝ անցյալ շաբաթվա վերջին մեկ գալոնի համար հասնելով 3,95 դոլարի (մոտ 4 լիտր)։ FT-ի հաշվարկների համաձայն՝ սա 2026 թվականին չորս ընկերությունների համար համարժեք է 11,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախսի։
Վառելիքը ավիաընկերությունների ամենախոշոր ծախսային հոդվածներից մեկն է, որը սովորական ժամանակներում կազմում է նրանց ծախսերի մոտ մեկ քառորդը։ «Մեծ անորոշություն կա այն հարցում, թե որտեղ և երբ վառելիքի գները կհասնեն իրենց գագաթնակետին և որքան ժամանակ դրանք բարձր կմնան», - նշել է Barclays-ի ավիաընկերությունների գծով վերլուծաբան Էնդրյու Լոբենբերգը։





























