Եվրահանձնաժողովի որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ կարող էին խմելու ջրի մեջ պարունակվող կապարի ազդեցությանը ենթարկվել։ Այս մասին հայտնել է «Politico» պարբերականը։

Ըստ հրապարակման՝ TAO – The Independents արհմիությունը, որը ներկայացնում է ԵՀ աշխատակիցների շահերը, հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել «ԵՀ մի քանի շենքերի ցայտաղբյուրներում խմելու ջրի մեջ» կապարի հայտնաբերման մասին։ Ենթադրվում է, որ աղտոտումը տարածվել է Madou Plaza Tower աշտարակի վրա, որտեղ աշխատում են մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները, և Covent Garden համալիրի վրա, որտեղ տեղակայված են հետազոտությունների և նորարարությունների գործակալությունները

«Սա աշխատավայրում առողջության համար լուրջ սպառնալիք է», — մեջբերում է պարբերականը արհմիութենական կազմակերպության հայտարարությունը։ — «Աշխատակիցներն ունեն անվտանգ խմելու ջրի և թեստավորման այնպիսի ընթացակարգերի իրավունք, որոնք ճշգրիտ արտացոլում են ազդեցության իրական պայմանները»։

Իր հերթին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ «երեք շաբաթ առաջ՝ ջրի որակի կանոնավոր թեստավորման ժամանակ, արդյունքները խախտումներ են գրանցել շատ սահմանափակ թվով շենքերում»։ Նրա խոսքով՝ «անմիջապես ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ, անջատվել է ջրամատակարարումը», ընդ որում՝ կրկնակի թեստերը ցույց են տվել, որ կապարի պարունակության մակարդակը համապատասխանում է «կիրառելի չափանիշներին»։