Ինչպես ցույց է տվել CNN-ի հետաքննությունը, ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են շարքից հանել իրանական մեծաքանակ զինամթերք, այդ թվում՝ հրթիռային կայանքներ։ Ինչի համար ռմբակոծել են ստորգետնյա կառույցների մուտքերը։

Հեռուստաալիքն ուսումնասիրել է իրանական 32 հրթիռային բազաների արբանյակային լուսանկարները, որոնց մեծ մասը թաքցված է լեռներում։ Պարզվել է, որ դրանք բոլորն էլ ենթարկվել են ավիահարվածների, որոնք հիմնականում ուղղված են եղել թունելների մուտքերին, վերգետնյա շինություններին կամ ճանապարհային հանգույցներին։

CNN-ի կողմից վերլուծված թունելների 107 մուտքերից առնվազն 77 տոկոսը ռմբակոծվել է։ Արբանյակային լուսանկարներում արձանագրվել է նաև բազաներում ոչնչացված առնվազն 15 հրթիռային կայանք։

Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի այս արագընթաց օդային արշավի նպատակն է շարքից հանել այն «ստորգետնյա քաղաքները», որտեղ Իրանը ծրագրել էր անվտանգ կերպով վերալիցքավորել հրթիռային կայանքները՝ նախքան դրանք դուրս բերելը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու դաշնակիցների դիրքերի ուղղությամբ կրակ բացելը։

«ԱՄՆ-ն ու Իսրայելը չունեն այնպիսի զինանոց, որը թույլ կտար հիմնահատակ կործանել այդ օբյեկտները. հենց այդ պատճառով էլ դրանք կառուցված են լեռների մեջ»,— նշել է Քարնեգի հիմնադրամի անվտանգության հարցերով փորձագետ Անկիտ Պանդան։ Նա հավելել է, որ «Միացյալ Նահանգներին և Իսրայելին հաջողվել է հողի տակ «թաղել» Իրանի հրթիռային ու անօդաչու սարքերի ներուժը հենց այդ բարձր պաշտպանվածություն ունեցող քաղաքներում։ Սա էապես նվազեցրել է հրթիռային արձակումների մեծ ինտենսիվությունն ապահովելու նրանց կարողությունը»։

Լրատվամիջոցների պնդմամբ՝ պատերազմի սկզբից ի վեր Իրանի կողմից արձակվող հրթիռների և անօդաչու սարքերի քանակը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով։ Այդուհանդերձ, փորձագետները զգուշացնում են, որ նրանք, ըստ ամենայնի, դեռևս ի վիճակի են հարվածներ հասցնել ռազմավարական թիրախներին, օրինակ՝ Հորմուզի նեղուցով անցնող նավերին։

Նախապատերազմյան գնահատականներով՝ Իրանը հազարավոր բալիստիկ հրթիռներ է ունեցել, սակայն դրանց արձակման համար նախատեսված է եղել ընդամենը մի քանի հարյուր կայանք։

CNN-ի վերլուծությունը ցույց է տվել, որ թունելների որոշ ավերված մուտքերի մոտ արդեն վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Սպահանից հյուսիս գտնվող բազաներից մեկում արբանյակային լուսանկարներն արձանագրել են, թե ինչպես է շինարարական տեխնիկան մաքրում փակված մուտքը ռմբակոծությունից ընդամենը 48 ժամ անց։