Ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական ԱԹՍ է նկատվել Պարսից ծոցի վրա՝ Իրանի ափերի և Բուշեր քաղաքի մոտակայքում գտնվող ատոմակայանի մոտ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ավիադիսպետչերական շրջանակների աղբյուրին։

«Հետախուզական անօդաչու սարքը թռել է Իտալիայի ռազմաբազայից և ներկայումս պտտվում է Պարսից ծոցի չեզոք ջրերի վրա՝ Իրանի օդային տարածքի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ Բուշեր քաղաքի տարածքում», — նշել է գործակալության զրուցակիցը։

Ըստ նրա տվյալների՝ տարածաշրջանում նախկինում բազմիցս նկատված ապարատն արդեն մի քանի ժամ է, ինչ գտնվում է երկնքում՝ 14 կմ-ից ավելի բարձրության վրա։

«Ընդհանուր առմամբ, Northrop Grumman MQ-4C Triton-ները կարող են օդում մնալ 10-15 ժամ»,— նշել է աղբյուրը։ Նա հիշեցրել է, որ նման հետախուզական անօդաչու սարքի թռիչքը նախորդ անգամ արձանագրվել էր մի քանի օր առաջ՝ դարձյալ Բուշերի շրջանում։

Northrop Grumman MQ-4C Triton անօդաչու սարքերն ընդունակ են իրական ժամանակում հետախուզական տեղեկատվություն տրամադրել և հսկողություն իրականացնել ծովային ու ցամաքային ընդարձակ տարածքների վրա, ինչպես նաև լրացնել Boeing P-8 Poseidon տիպի հակասուզանավային ինքնաթիռների հնարավորությունները։