Իրանի օդային տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի օպերատիվ գործողության ընթացքում «երկիր-օդ» դասի հրթիռի արձակում է արձանագրվել իսրայելական ինքնաթիռի ուղղությամբ։ Այս մասին ասվում է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) հաղորդագրության մեջ:
«Անձնակազմը գործել է օպերատիվ ընթացակարգերին համապատասխան ձևով: Օդանավին որևէ վնաս չի պատճառվել, և առաքելությունն իրականացվել է ըստ պլանի: «Առյուծի մռնչոց» գործողության սկզբից ի վեր բազմաթիվ փորձեր են արվել Իրանի օդային տարածքում իսրայելական կործանիչներ խոցելու համար: Իսրայելի ռազմաօդային ուժերի անձնակազմերը հաջողությամբ դիմակայել են այդ սպառնալիքներին:
Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն գործել և հարվածներ հասցնել Իրանի տարածքում՝ ամենուր, որտեղ անհրաժեշտ կլինի, և կկատարեն իրենց խնդիրները՝ չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր մարտական թռիչքի ժամանակ ենթարկվում են վտանգի»,— ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:




























