ԱՄՆ հատուկջոկատայիններն ուրբաթ երեկոյան մուտք են գործել Իրան՝ խոցված կործանիչի անձնակազմի անդամին փրկելու նպատակով. գրում է «The Telegraph»-ը։

Իրանը ամերիկյան F-15 կործանիչ է խոցել իր օդային տարածքում։

Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ անձնակազմի երկու անդամներին հաջողվել է կատապուլտի ենթարկվել, ինչը «իսկական մրցավազք է հրահրել Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ վայրէջք կատարած ամերիկացի օդաչուներին առաջինը գտնելու համար»։

Ամերիկյան երկու ռազմական ուղղաթիռների և ցածր բարձրության վրա թռչող լիցքավորող ինքնաթիռի մասնակցությամբ իրականացված գործողության արդյունքում հաջողվել է փրկել օդաչուներից մեկին։ Գործողության ընթացքում ինքնաիթռները թիրախավորվել են թեթև սպառազինությունից արձակված կրակոցներով։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ երկու ուղղաթիռներն էլ վնասվել են իրանակի արձակած կրակից. դրանցից մեկը ծխի ամպեր թողնելով վերադարձել է Իրաքի տարածք, սակայն երկուսին էլ հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել։

Ուրբաթ երեկոյի դրությամբ՝ երկրորդ օդաչուի գտնվելու վայրը դեռևս անհայտ է։

Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Իրանի ՀՕՊ ուժերը ամերիկյան կործանիչ էին խոցել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը հայտնել էր, որ խոսքը միատեղանի F-35-ի մասին է, սակայն CNN-ն ու Axios-ը, ուսումնասիրելով իրանական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարները, եզրակացրել են, որ իրականում երկտեղանի F-15 Strike Eagle կործանիչ է խոցվել։