Բնակարանների ամրագրման Booking.com ծառայությունը հաստատել է օգտատերերի տվյալների արտահոսքի փաստը. անհայտ անձինք հասանելիություն են ստացել ամրագրումների վերաբերյալ տեղեկատվությանը։ Այս մասին հայտնում է BNR-ն՝ հղում անելով ընկերության պաշտոնական հայտարարությանը։
Չարագործներին հաջողվել է տեսնել ամրագրումների մանրամասները, հաճախորդների անունները, էլեկտրոնային և բնակության հասցեները, հեռախոսահամարները, ինչպես նաև այն այլ տվյալները, որոնք օգտատերերը փոխանցել են հյուրանոցներին կամ կացարաններին։ Հաճախորդների մի մասն էլեկտրոնային փոստով արդեն ստացել է համապատասխան ծանուցումները։
Ընկերությունից հավաստիացրել են, որ իրավիճակը վերահսկվում է, և բոլոր տուժած օգտատերերը տեղեկացված են։ Տվյալների արտահոսքի հստակ ժամկետն ու տուժածների ստույգ թիվն առայժմ չեն հստակեցվում։





























