Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ստորաբաժանումներ։

Ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ կրակոցների հետևանքով կան զոհեր։ Ըստ ստացված տեղեկությունների՝ հարձակվողը վնասազերծված է։

Ըստ NTV հեռուստաալիքի տվյալների՝ զինված հարձակումը կատարել է դպրոցի աշակերտը՝ տեղական ժամանակով մոտ 14:00-ին: Հաղորդվում է, որ նրան վնասազերծել է ուսուցիչներից մեկը:

Սա վերջին երկու օրվա ընթացքում Թուրքիայի դպրոցներում տեղի ունեցած հրաձգության արդեն երկրորդ դեպքն է: Երեքշաբթի օրը 18-ամյա մի պատանի կրակ է բացել հանրապետության հարավ-արևելքում գտնվող մեկ այլ՝ Շանլըուրֆա նահանգի դպրոցներից մեկում: Նա սպանվել է վնասազերծման գործողության ժամանակ: Այդ միջադեպի հետևանքով 16 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 ուսուցիչ, 10 աշակերտ, 1 ոստիկան և ճաշարանի 1 աշխատակից: