Թուրքիայի իշխանություններն արգելել են Քահրամանմարաշ նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։

«Գլխավոր դատախազն ու քննչական խումբը շարունակում են դեպքի վայրում տարվող աշխատանքները։ Քննության շահերից ելնելով՝ սահմանվել է տեղեկատվական սահմանափակում։ Հորդորում ենք լրատվամիջոցներին խստորեն հետևել քննության գաղտնիությանը»,– X-ում գրել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։

Համապատասխան արգելքի մասին տեղեկությունը հրապարակվել է նաև կարգավորող մարմնի՝ Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կայքում։ Լրատվամիջոցների համար նախատեսված այս սահմանափակումները հաստատվել են նաև Քահրամանմարաշի դատարանի կողմից։

Աղմկահարույց դեպքերի ժամանակ նման սահմանափակումները սովորական երևույթ են Թուրքիայում։ ԶԼՄ-ներն իրավունք չունեն հրապարակել ոչ պաշտոնական տեղեկություններ, հղում անել անանուն աղբյուրներին, կամ որևէ մանրամասն տեղեկություն բացահայտել քննության ընթացքի վերաբերյալ (քանի դեռ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այդ ամենի մասին)։