Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու հիմքեր չունի, «արված աշխատանքը կրկնապատկելու, պահպանելու խնդիր կա»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանը չի առաջադրելու իր թեկնածությունը:

Լիլիթ Աղեկյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին, եւ բնական է, որ այժմ տարբեր անուններ են շրջանառվում, քանի որ սա քաղաքական պայքար է: Իրենք մտադիր են գնալ ընտրության իրենց ծրագրերով եւ կարծում են, որ իրենց կողքին կանգնած են գյումրեցիները, ովքեր «քաղաքի ղեկավարի ընտրության հարցում պատահական ընտրություն չեն արել եւ չեն անելու»:

Հարցին, թե եթե ՀՀԿ-ն որոշի, որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրում իր թեկնածությունը, ի՞նչ պետք է անեն, Լիլիթ Աղեկյանն այսպես պատասխանեց. «Գյումրիի քաղաքապետը երբեք կուսակցական որոշումներով չի առաջնորդվել: Գյումրիի քաղաքապետը ունի իր ծրագիրը, առաջադրվելու է, իսկ իր կուսակցության «եթե»-ները դուք եք ասում: Մենք  ակնկալում ենք, որ ինչպես բոլորը, այդպես էլ կուսակցությունը տեսնում է քաղաքապետի աշխատանքը եւ իրենք իրենց բարոյական աջակցությունը կցուցաբերեն: ՀՀԿ-ն շատ խոհեմ կուսակցություն է եւ կարծոմ ենք, որ նման վերաբերմունք չի լինի»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուն, ապա նրա մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը նշեց, որ այդ հարցը որոշվելու է ԲՀԿ քաղխորհրդի նիստում, որը դեռ տեղի չի ունեցել, հետեւաբար` առայժմ որոշում չկա: «Ինչ որոշում էլ կայացնի կուսակցությունը, ընդունելի կլինի նրա համար»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը:  «Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Վարդան Ղուկասյանին հասկացրել է, որ մի կողմ քաշվի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը եւ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել»,- գրել է թերթերից մեկը: