Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը վարույթ չեն ընդունել եւ բողոքը հետ են ուղարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ գործը վարույթ չեն ընդունել, փաստաբանը պատասխանեց, որ որեւէ հիմնավորում ներկայացված չէ: Հաջորդ ատյանը, որին կարող է դիմել Սերոբ Տեր-Պողոսյանը, Եվրոպական դատարանն է:
Կդիմի՞ մանկապիղծը Եվրադատարան, թե` ոչ, հարցին ի պատասխան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ դա կախված է Սերոբ Տեր-Պողոսյանի ցանկությունից, սակայն առայժմ որեւէ պայմանավորվածություն, քննարկում չկա: «Իրենք չեն դիմել, որպեսզի համապատասխան բողոք ներկայացնենք Եվրադատարան»,- նշեց նա:
Գիվի Հովհաննիսյանի խոսքով` Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակը այդքան էլ լավ չէ, անընդհատ գնում է ստուգումների, քիմիաթերապիա է ընդունում եւ այլն:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: 70-ամյա գործարարը մեղադրվում է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:
Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցք ունենալու կապակցությամբ: Սերոբ Տեր-Պողոսյանը փետրվարի 13-ի վիրահատությունից հետո մարտի 28-ի առավոտյան, վերջապես դուրս էր գրվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից:




























