News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Նար-Դոսի անվան դպրոցում, այսօր` հունիսի 22-ին,  միաժամանակ երկու քննություն էր ընթանում` «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից (ֆոտոռեպորտաժ): Քննակենտրոնի ղեկավար, Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Վաչե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում քննությունների ընթացքը գնահատեց նորմալ` նշելով, որ արտառոց դեպքեր չեն արձանագրվել:

«Հույս ունեմ, որ բարձր մակարդակով էլ կավարտվեն քննությունները, երեխաները բարձր տրամադրությամբ են մասնակցում քննությանը, դրսում զրուցեցի նաեւ ծնողների հետ, նրանք եւս շատ լավ տրամադրված են քննությանը»,- ասաց նա: Վաչե Գրիգորյանը զգուշացրեց, որ քննությունների ընթացքում դիմորդներին` հեռախոսից, ծածկաթերթիկից օգտվելիս հայտնաբերելու դեպքում նրանք վարվելու են, ինչպես պահանջում է կարգը` քննասենյակից դուրս են հանելու: Նրա տեղեկացմամբ`  այդ քննակենտրոնում  երկու քննություններից միասին բացակայում էր 20 դիմորդ:

Քննությանը մասնակցող դիմորդներն, ընդհանուր առմամբ, ուրախ էին, որովհետեւ այսօր ավարտվում է քննությունների հիմնական առաջին փուլը: Ոմանք հուզված էին, իսկ ոմանք վստահորեն նշում էին, որ չեն հուզվում, որովհետեւ դա միայն իրենց կխանգարի: «Քիմիայից»  քննություն հանձնողները հիմնականում դիմել էին ԵՊԲՀ, ԵՊՀ, իսկ «Հայոց պատմությունից»` ԵՊՀ:

Դրսում երեխաներին ինչպես միշտ սպասում էին ծնողները, որոնք քննությունը մեկնարկելուն պես հերթով հրավիրվում էին ներս, որպեսզի  հեռուստացույցներով հետեւեն քննության ընթացքին: Այս անգամ եւս ծնողների բողոքները նույնն էին` երեխաներին չեն գտնում, հեռուստացույցը լավ չի ցույց տալիս, երեխայի դեմքը չի երեւում, որ տեսնեն` ինչ թեստ է ընկել, անհանգիստ է, թե նորմալ գրում է եւ այլն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծնողների մի մասը բողոքեց, որ կենսաբանության թեստերի երկու տարբերակները շատ ավելի բարդ էին, քան մյուս երկուսը: Հարցին, թե բողոքարկել եք, թե ոչ, նրանք բացասական պատասխան էին տալիս` ասելով, որ դրանից, միեւնույն է, ոչինչ չի փոխվի: Կային քննությունների ընթացքից գոհ եւ քննությունների ընթացքի մասին որեւէ կարծիք չհայտնող ծնողներ եւս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 22-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից քննություններով ավարտվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների առաջին հիմնական փուլը:  «Քիմիա» առարկայից այսօր քննություն կհանձնի 1511 դիմորդ, իսկ «Հայոց պատմությունից»` 3266: Քննությունները կկայանան Հայաստանում ձեւավորված 18 քննակենտրոններում, որից 5-ը գտնվում է Երեւանում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի 4 քննակենտրոնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել էր 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունք: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ