Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիս  2-ին մեկնարկած միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլը մոտենում է իր ավարտին, եւ այսօր` հուլիսի 7-ին, կկայանա վերջին քննությունը: «Հայոց պատմություն» առարկայից քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել  119, իսկ քիմիայից` 89 դիմորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման  կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը:

Իսկ թե ինչ ցուցանիշներ են արձանագրվել միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլի ժամանակ, ապա, ԳԹԿ մամուլի խոսնակը նշեց, որ  միջին միավորները նվազել են: «Լեգենդները, որ  երկրորդ փուլին մասնակցելու են ծանոթ ունեցող երեխաները եւ միմիայն 20-եր են ստանալու, ամեն տարի շրջանառվում են մինչեւ քննության մեկնարկը: Բայց քննությունից հետո  ներկայացվող վիճակագրությունը ավելի խոսուն է, եւ ինչպես տեսնում եք, ոչ միայն չի բարձրացել միջին միավորը, այլեւ` նվազել է: Ավելին` կարող եմ ասել, նույնիսկ առաջին փուլին քննություններին բացակայողների թիվը  ավելի շատ է, քան երկրորդ փուլով դիմում հայտ ներկայացրածներինը, օրինակ` «Հայոց լեզվից» բացակայել էր 376 դիմորդ, իսկ երկրորդ փուլով հայտ էր ներկայացնել 269-ը»,- ասաց մամուլի խոսնակը

Այսպես, միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլի շրջանակններում կենսաբանության միջին միավորը կազմել է 10,1,   29 դիմորդ չի հաղթահարել դրական միավորի շեմը: Ընդհանուր պատմությունից միջին միավորը  9 էր, 3 դիմորդ չի հաղթահարել դրական միավորի շեմը, իսկ աշխարահագրության միջին միավորը կազմել է 12,7, մեկ հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը: Անգլերենի միջին միավորը կազմել է 11,5 միավոր,  45 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը, ֆրանսերենինը`7,3 միավոր, 3 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը, գերմաներենինը` 10,28 միավոր, 4 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը: Ռուսաց լեզվից միջին միավորը կազմել է 9,5 միավոր, 31 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը, իսկ հայոց լեզվի միջին միավորը կազմել է 10,3 միավոր, 90 հոգի չի հաղթահարել դրական միավորի շեմը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի, 2-8-ին կայանալիք միասնական  քննությունների լրացուցիչ երկրորդ փուլին կմասնակցի 815 դիմորդ, որոնցից 703-ը` Հայաստանում, 112-ը` ԼՂՀ-ում: Անգլերենից քննություն կհանձնի 190, կենսաբանությունից` 107, հայոց լեզու եւ հայ գրականությունից` 369, հայոց պատմությունից` 119, մաթեմատիկայից` 258, ֆիզիկայից` 114 դիմորդ: Երկրորդ փուլին մասնակցելու համար 703 դիմորդներից 61-ը Վրաստանից է, 20-ը` ՌԴ-ից, 1-ական դիմորդ` ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Գերմանիայից,  3-ը` Թուրքմենստանից, 4-ը` Իրանից: