Գերմանիան հետին ամսաթվով միացել է այն երկրներին, որոնք Սանկտ-Պետերբուգում G20-ի գագաթաժողովում աջակցել են Սիրիայի հարցով ԱՄՆ դիրքորոշմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն՝ Վիլնյուսում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այսպիսով, Գերմանիան դարձել է աշխարհում 12-րդ եւ ԵՄ 5-րդ երկիրը, որը ստորագրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը միջազգային հանրության կողմից խիստ արձագանքելու պահանջի մասին հայտարարությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտարարության տեքստը, որը ավելի վաղ ստորագրել էին Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, սեպտեմբերի 6-ին տարածել է ԱՄՆ Սպիտակ Տունը: Այս հայտարարությունը ստորագրողները փաստացի աջակցել են ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով Սիրիային հարվածելու ԱՄՆ որոշմանը:





























