NEWS.am լրատվական գործակալությունը Հայաստանում PayPal համակարգի գործարկման նպատակահարմարության համար հարցազրույցների շարք է սկսում այն կազմակերպությունների եւ ընկերությունների հետ, որոնց բիզնեսը կապված է ինտերնետի հետ: Նպատակն այն է, որ ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկը, օրենսդիրները ի վերջո հասկանան, որ տարիներ շարունակ այս հարցին լրջորեն չվերեբերու, հարցից անտեղյակ լինելու, ի վերջո հարցն առանց լուծման թողնելու պատճառով, որքան վնաս են հասցրել երկրի ողջ տնտեսությանը: Հարցազրույցների միջոցով փորձելու ենք ներկայացնել հայաստանյան բիզնեսի հետաքրքվածությունն ու բաց թողնված հնարավորությունները, նաեւ այն, թե ինչպես բիզնեսը միայնակ է փորձում ինչ-որ կերպ մասնակից լինել արտասահմանում արդեն հարյուրավոր միլիարդ դոլարների հասնող ինտերնետային վճարային միջոցների շուկային:

Մեր զրուցակիցն է Armhotels.am հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգի տնօրեն՝ Աշոտ Նազարյանը:

Պարոն Նազարյան, Armhotels հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգը գործարկվեց 5 տարի առաջ: Կայքի շնորհանդեսին դուք նշեցիք, որ ինտեգրել եք Հայաստանում եղած գրեթե բոլոր հյուրանոցները, եւ ակնկալում էիք, թե՛ ներքին, եւ թե ներգնա տուրիստների հետքարքրությունը համակարգին: Ամփոփելով կայքի 5 տարվագործունեությունը՝ կնշեք ինչքանո՞վ են իրականացել ձեր ակնկալիքները:

Ի սկզբանե մեր ակնկալիքները մեծ չէին, հաշվի առնելով ծրագրի նոր լինելը, շուկայի թերահավատությունը նմանատիպ համակարգերի հանդեպ։ Սակայն անցած 5 տարիները մեր գնահատականներով կարելի է համարել բավարար, եւ այն ամբողջությամբ համապատասխանում է մեր կանխատեսումներին ու սպասելիքներին։

Այս տարիների ընթացքում ամբողջ աշխարհում քաղաքական ու տնտեսական փոփոխություններ տեղի ունեցան: Տարածաշրջանային մասով Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատացում, ահաբեկչությունը տարածվել է տուրիստների համար նախընտրելի երկրներում, ու նաեւ այս պատճառով տուրիզմի որոշակի հոսք է սկսվել դեպի Հայաստան: Այս իրողությունը, թերեւս պետք է զգացվի նաեւ ձեր համակարգի միջոցով: Ինչպիսի՞աճ կա, ու արդյոք հայաստանյան տուրիստական ոլորտը համարժեք քայլեր ձեռնարկո՞ւմ է հյուրերի սպասելիքներն արդարացնելու համար: Կատարվո՞ւմ է արդյոք վերլուծություն ու դրանից բխող հետեւություններ նոր թիրախի համար գրավիչ լինելու գործում:

Ձեր կողմից նշված իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել այնպիսի երկրներում (Թուրքիա Եգիպտոս), որոնք առավել հայտնի են ծովափնյա տուրիզմով եւ այդ իսկ պատճառով դա շոշափելի ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանում ներգնա տուրիզմի ակտիվացման վրա։ Լուրջ ակտիվություն նկատվում է իրանական շուկայի հետ կապված, բոլորովին վերջերս Իրանի միջազգային տնտեսական պատժամիջոցների դադարեցումից հետո։ Համենայն դեպս այս տարի անցած տարվա համեմատ մեր համակարգի այցելությունների տվյալներով դա նկատելի է։

Ողջ աշխարհում արդեն լայնորեն օգտվում են ինտերնետային վճարային միջոցներից, քանի որ դա նախեւառաջ ավելի անվտանգ է, ու նաեւ հարմար: Տուրիստները նույնպես նախընտրում են գրանցումը, եւ այլ վճարումներ կատարել ինտերնետային վճարային միջոցներով: Ձեզ բավարարո՞ւմ է Հայաստանում գործող ինտերնետային վճարային միջոցների տարածվածությունը:

Հայաստանում գործող վճարային համակարգերը սպասարկում են Արքա, Մաստեր եւ Վիզա քարտեր, մեր վճարային համակարգերը միջազգային բրենդ չեն, լայն ճանաչում չունեն աշխարհում այդ իսկ պատճառով արտերկրից օնլայն վճարում կատարողները բավականին զգուշավոր են մոտենում դրանց մինչև իրենց քարտի տվյալները լրացնելը։ Այս առումով մեր ընկերությունը մի փոքր շահեկան վիճակում է, քանի որ Armhotels համակարգում բացի տեղական վճարային համակարգերից օգտագործում ենք նաեւ միջազգային Skrill (Moneybookers) համակարգը, որը սպասարկում է գրեթե աշխարհում գոյություն ունեցող բոլոր քարտերը։ Իդեպ Skrill-ի հետ մինչեւ պայմանագիր կնքելը 1 տարի բանակցությունների փուլ է ընթացել, որից հետո միայն համաձայնվել են աշխատել մեր հետ։

Հայաստանում իթիվս այլհամաշխարհային ճանաչում ստացած ինտերնետային վճարային միջոցների ամբողջապես չի գործում նաեւ PayPal համակարգը, որով կատարված գործարքների ծավալը 2015 թ-ին կազմել է 282 մլրդ դոլար, եւ այն ունի 179 մլն ակտիվ օգտատեր: Ձեր կայքի այցելուները հաճախ են առաջարկում PayPal-ով վճարում կատարել: Եթե գաղտնիք չէ, որքա՞ն ֆինանսական կորուստ է ունենում ձեր բիզնեսը PayPal-ի բացակայության պատճառով, ու որքա՞ն է նվազում Հայաստանի տուրիստական գրավչությունը այս համակարգի չգործելու պատճառով:

PayPal վճարային համակարգով աշխատելու խորհուրդները մեր հաճախորդների կողմից բազմաթիվ են եղել, իսկ ինչ մնում է ֆինանսական կորուստների նման հաշվարկ չունենք, պարզապես համադրելով կայքի այցելուների եւ ամրագրումների քանակը կարելի է ենթադրություններ անել։ Ձեր հարցում նշեցիք, որ PayPal համակարգը 179 միլիոն ակտիվ օգտատեր ունի, բնականաբար 179 միլիոնանոց շուկայում աշխատելու հնարավորությունից զրկված լինելը արդեն կարելի է համարել լուրջ կորուստ։

Ի տարբերություն հայաստանյան չինովնիկների, Վրաստանի նրանց գործընկերները լուրջ են PayPal-ի գործարկմանը մոտեցել, ու այժմ վրացական բանկերն առաջարկում են PayPal  ծառայության սպասարկում: Հնարավո՞ր է, որ այս նորությունից հետո դուք էլ ցանկանաք բիզնես հաշիվ բացելՎրաստանում, որպեսզի հնարավոր լինի դիմանալ մրցակցությանը եւ չկորցնել հաճախորդներին:

Բիզնեսի շուկայում գոյատևելու եւ նոր շուկաներ ներգրավելու համար դա լրիվ հնարավոր եւ արդարացված տարբերակ է, սակայն դա լիարժեք լուծում չի։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանում էլեկտրոնային առeuտուրը (e-commerce) կարգավորող օրենսդրական դաշտը բաց է, ՏՏ ոլորտի այս տեմպերով զարգացման ֆոնին կարծում եմ դա անհրաժեշտություն է։ Այդ օրենքի մեջ կարելի է կարգավորել միջազգային վճարային համակարգերի գործունեությունը նույնպես, սա հիմնական խոչնդոտներից մեկն է կարծում եմ,  որից հետո PayPal-ի եւ այլ համակարգերի  ծառայությունները ամբողջությամբ Հայաստանում գործելու խնդիր չի լինի։ Նմանատիպ համակարգերը զգուշանում են իրենց եւ իրենց հաճախորդների ֆինանսական կորուստներից, խաբեության զոհ դառնալուց, եթե այս ամենը օրենքով կարգավորվի եւ այդ համակարգերը ունենան պետական երաշխիքներ՝ օրենքի տեսքով, խնդիրը հնարավոր կլինի լուծել։