Պակիստանցի երիտասարդները հատել են հայ- թուրքական սահմանը, քանի որ ցանկացել են աշխատանք գտնել Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաքննության ընթացքում երիտասարդների շահերի պաշտպան Աննա Ջուվանովան:

Փաստաբանը նշեց, որ այդ մասին իրեն ասել են պակիստանցիները:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Պակիստանի քաղաքացիներ Մուդդասար Մուհամադ Յունեսի Հուսսեինն այս տարվա հունիսին 2 համաքաղաքացիների հետ նպատակադրվել են Պակիստանից ապօրինի` Իրանի տարածքով տարանցիկ մեկնել Թուրքիա:

Նրանք նախ ապօրինի հատել են պակիստանա-իրանական սահմանը եւ մուտք  գործել Իրան: Այստեղ մի շարք բնակավայրեր հատելուց հետո, հասել են իրանա-թուրքական սահման եւ միացել աֆղան մի խումբ այլ անձանց: Հուլիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում նրանք արդեն խմբով մուտք են գործել Թուրքիայի տարածք: Աֆղանները ձերբակալվել են տեղի իրավապահ մարմինների կողմից, իսկ պակիստանցի երիտասարդները հուլիսի 9-ին հատել են հայ-թուրքական սահմանը:

Պակիստանցի երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նրանց սպառնում է ազատազրկում 3-7 տարի ժամկետով: Երեքն էլ կալանավորված են:

Փաստաբանի խոսքով՝ սահմանը հատածները 20-24 տարեկան են: