News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում պատմագիտության թեկնածու, սփյուռքագետ, ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Քնարիկ Ավագյանի հետ հարցազրույցը:

Ի՞նչ տվյալներ կան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի բանակում հայերի ներգրավվածության մասին:

Ճակատագրի բերումով ամբողջ աշխարհում սփռված հայերը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945 թ.թ.), այլ ժողովուրդների հետ մարտնչելով, իրենց նվիրել էին ֆաշիզմի, բռնության դեմ պայքարին՝ իրենց նշանակալի ներդրումն ունենալով հաղթանակի ձեռքբերման գործում: Այս առումով առանձնահատուկ տեղ ունեն ամերիկահայերը, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում մասնակցելով տարբեր մարտական գործողությունների՝ մյուսների հետ հավասար կռվել են, հաղթանակել, զոհվել՝ հանուն իրենց ապաստան տրամադրած երկրի պաշտպանության, հանուն ամբողջ մարդկության ազատագրման:

Հատկանշական է, որ ամերիկահայ զինվորականների հիմնական մասը պատմական հանգամանքների բերումով ԱՄՆ ներգաղթած հայեր էին, չնայած քիչ չէին նաեւ հենց Ամերիկայում ծնված հայերը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ-ի բազմամիլիոնանոց բանակում Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներում (հետեւակ, օդուժ, ռազմածովային ուժեր) բոլոր մարտական գործողություններին ավելի քան 20 հազար ամերիկահայ է մասնակցել (1940 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 200 հազար հայ էր բնակվում):

Ամերիկահայ զինվորականների հիմնական մասը հաղթանակած վերադարձավ, բայց քիչ չէր նաեւ հերոսաբար ընկածների (շուրջ 500 մարդ), վիրավորների (ավելի քան 500) եւ անհետ կորածների (շուրջ 50 մարդ) թիվը:

Նրանք հերոսաբար կռվել են Պերլ Հարբորի, Արալյան ծովի, Միդուեյի մարտերում, Հյուսիսային Աֆրիկայում, Իտալիայում, Բիրմայում, Հնդկաստանում, Չինաստանում, Իրանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում:

ԱՄՆ կառավարությունը, բարձր գնահատելով ամերիկահայերի նվիրվածությունը, արիությունն ու ռազմական հմտությունները, շատերին ամերիկյան բանակի բարձր զինվորական կոչումներ, հերոսի կոչում շնորհեց, բարձրագույն պարգեւներ հանձնեց:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ-ի բանակում բարձրագույն զինվորական կոչում ունեցող ամերիկահայերից էր գեներալ Հայկ Շեքերջյանը, որին 1942 թվականին այդ կոչումը շնորհել է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: Նա հայազգի առաջին ամերիկացի զինվորականն էր, որն ընդունվել է Ուեսթ Փոյնթի Ռազմական ակադեմիա՝ բացառիկ քաղաքացիական արիության համար, որը ցուցաբերել է դեռեւս պատանի տարիքում (16 տարեկանում նա նետվել է կրակի ճիրաններում հայտնված շենք ու փրկել մի կնոջ եւ նրա երեխային): Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո նա մեծ հաջողությունների է հասել ծառայության մեջ, Առաջին աշխարհամարտից հետո ծառայել է Անտանտի զորքերում:

Հայ սպաների շարքում քաջությամբ աչքի են ընկել նաեւ կոմանդեր Ջեք (Սիրակ) Նահիկյանը, գնդապետեր Քըրք Բուչախն ու Սարգիս Զարդարյանը եւ այլք:

ԱՄՆ-ի բանակում ականավոր հայեր կայի՞ն:

Միացյալ Նահանգների բարձրագույն պարգեւի՝ Կոնգրեսի Պատվո շքանշանի է արժանացել ամերիկյան հերոս, ավագ լեյտենանտ Էռնեստ Հ.Դերվիշյանը: Այս պարգեւը, որն ամերիկյան բանակի 87 զինվորականի է շնորհվել, Դերվիշյանին հանձնել են 1944 թվականի մայիսին իտալական Սիստիերնայում ցուցաբերած բացառիկ եւ լեգենդար արիության համար: Դաժան մարտերի ընթացքում, կորցնելով զինակիցներին եւ մենակ մնալով՝ շրջապատված թշնամիներով, Դերվիշյանը մարտարվեստի իր հմտությունների շնորհիվ կարողանում է հակառակորդի միանգամից 45 զինվորների գերեվարել եւ 3 գնդացիր ու 10 հրացան գրավել: Պատերազմից հետո գնդապետի աստիճանով զորացրված Դերվիշյանը մի շարք բարձր զինվորական պաշտոններ է զբաղեցրել. եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի հրամանատարի տեղակալ, ռազմական եւ պետական հարցերով խորհրդական:

Հետեւակում ծառայության ընթացքում ցուցաբերած արիության համար ԱՄՆ-ի երկրորդ բարձրագույն պարգեւի՝ Առանձնակի ծառայությունների համար Խաչի շքանշանի են արժանացել Հենրի Քալփաքյանը (հետմահու), ՌԾՈՒ-ում՝ կապիտան-լեյտենանտ Քեդրիկ Ջանյանը, գնդապետ Հարրի Քիզիրյանը եւ 1-ին լեյտենանտ Վիկտոր Մաղաքյանը: Արիության համար Արծաթե Աստղ շքանշանի են 52 ամերիկահայեր, որոնցից հինգը՝ հետմահու: Նվիրվածության եւ օրինակելի ծառայության համար Վաստակավոր Լեգեոնի շքանշանի են արժանացել գնդապետ Քըրք Բուչախը, փոխգնդապետ Արամ Թութելյանը, Ավիացիոն Խաչի՝ 44 ամերիկահայեր, որոնցից երկուսը՝ հետմահու:

Ամերիկահայ զինծառայողներից առաջին հերոսներից է արմատներով Վանից (Արեւմտյան Հայաստան), 1-ին դասի շարքային Վարդան Աղաբաբյանը (Սփրինգֆիլդ): Նա մասնակցել է երկու համաշխարհային պատերազմներին, 14 անգամ վիրավորվել է:

1941 թվականի դեկտեմբերի 7-ին ճապոնացիների կողմից Խաղաղ օվկիանոսում Պերլ Հարբորում 86 ամերիկյան ռազմանավերի ռմբակոծության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվում է կապրալ Ջեյմս Թոփալյանը (պատերազմից հետո Բոստոնի փողոցներից մեկը նրան անունով են կոչում):

Իրենց ապաստան տրամադրած եւ երկրորդ հայրենիք դարձած երկրին հայերի նվիրվածությունն այնքան մեծ էր, որ բազմաթիվ ընտանիքներ միանգամից մի քանի որդիների եւ դուստրերի էին ճակատ ուղարկում. նրանց թվում երկվորյակներ ու եռյակներ, ամուսնական զույգեր, հայրեր եւ որդիներ, ազգականներ կային: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ԱՄՆ զորքերի բոլոր ստորաբաժանումներում հարյուրավոր հայուհիներ կային:

Ի՞նչ կարող եք պատմել թիկունքում օգնության հարցում ԱՄՆ-ի հայերի ներդրման մասին:

Ամերիկայի հայերն իրենց բոլոր ուժերը ներդրել են բոլոր ոլորտներում. ե՛ւ ինտելեկտուալ ներուժը, ե՛ւ «ներքին ֆրոնտում»՝ ակտիվորեն աշխատելով նավաշինության, զինամթերքի արտադրության եւ ռազմարդյունաբերության այլ ոլորտներում՝ ընդհուպ ատոմային ռումբի ստեղծումը: 32-ամյա ատոմային մասնագետ, դոկտոր Հարրի Դաղլյանը զոհվել է փորձարկումների ժամանակ, որոնք հանգեցրել են ատոմային ռումբի ստեղծմանը: Այս ոլորտում աչքի են ընկել նաեւ Ջոն Հովհաննիսյանը, Սիմոն Էքիզյանը, կապիտան-լեյտենանտ Արամ Փառունակը, ավագ սերժանտ Հարոլդ Շահնազարյանը, քիմիկոսներ՝ մայոր Զավեն Նալբանդյանն ու փոխգնդապետ Կառլ Դոքմեջյանը, որը նոր հզոր տանկի համար վառելիք է ստեղծել, որն առաջին անգամ շահագործվել է Իտալիայի ազատագրման ժամանակ մարտական գործողությունների ընթացքում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ամերիկահայերն անձնազոհաբար ծառայել են ռազմական բժշկության ասպարեզում: Այստեղ աչքի է ընկել Լոս Անջելեսից վիրաբույժ, փոխգնդապետ Լեոն Աշճյանը՝ Լոնդոնի զինվորական հոսպիտալում կատարած հազվագյուտ պլաստիկ վիրահատությունների շնորհիվ:

Ամերիկյան բանակում անձնազոհությամբ եւ հոգատարությամբ աչքի են ընկել բուժքույրերը, որոնք մասնակցել են տարբեր մայրցամաքներում ամերիկյան Կարմիր Խաչի կողմից իրականացված փրկարարական գործողություններին:

Այդ ժամանակաշրջանում ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններ գործո՞ւմ էին:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաեւ բազմաթիվ ազգային կազմակերպություններ, հայրենակցական միություններ, ամերիկահայերի կուսակցությունները:

Օրինակ՝ պատերազմի ամբողջ ընթացքում Նյու Յորքի Ամերիկահայ կոմիտեն դրամահավաք է անցկացրել եւ մի քանի միլիոն դոլար փոխանցել ամերիկյան կառավարությանը՝ ռազմական տեխնիկա գնելու համար: Այդ միջոցներով օդանավեր ու նավեր են գնել, որոնք կոչել են «Հայաստանի ոգին», «Արարատ» եւ այլն: 1942 թվականի օգոստոսին Սան Ֆրանցիսկոյի հայերի նվիրատվության շնորհիվ Հայկական Կոմիտեի անունից Ամերիկյան Կարմիր Խաչին «Մասիս» երկաթուղային շարժակազմն է փոխանցվել, իսկ 1942 թվականին երկրի կարիքների համար 1 մլն դոլար է փոխանցվել: «Ֆրեզնոյի ամերիկահայ քաղաքացիների լիգա»-ի ջանքերով, չցանկանալով անուններ հրապարակել, 1942-1944 թվականներին 8.5 մլն դոլար է հավաքվել եւ այլն:

Երկրորդ Հայրենիքին ցուցաբերած օգնությանը զուգահեռ, Սփյուռքի հայերն այդ ընթացքում պատմական Հայրենիքին օգնություն ցուցաբերո՞ւմ էին:

Ֆաշիզմի դեմ պայքարի ճակատագրական այդ տարիներին ամերիկայի հայկական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները ոչ միայն իրենց քաղաքացիական պարտքն էին կատարում, այլեւ նյութական եւ բարոյական աջակցություն էին ցուցաբերում իրենց հեռավոր Հայրենիքին: Դրա վկայությունն է 1941 թվականին Նյու Յորքում ամերիկահայերի զանգվածային հանրահավաքի ժամանակ կազմված ԽՍՀՄ կառավարությանն ուղղված դիմումը. «Մենք՝ ամերիկահայերս, որի նախնիների հայրենիքը պաշտպանում է Կարմիր բանակը, զգում ենք, որ պարտավոր ենք օգնել Խորհրդային Միությանը՝ պայքարելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրի երեսից չի ջնջվել ֆաշիզմը»:

Վճռորոշ այդ տարիներին հայությունը միավորվեց Ազգային ճակատներում, որոնցից մեկն էլ 1944 թվականի մարտի 19-ին Նյու Յորքում կազմավորված Ամերիկահայերի Ազգային կոմիտեն է (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ): Ամերիկայի հայկական տարբեր կազմակերպությունների միասնական ճակատը (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն, Ամերիկայի հայերի առաջադիմական միություն, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, քրիստոնեական հարանվանությունների եկեղեցիներ, տարբեր հայրենակցական միություններ), որն ամբողջ երկրում գործող իր մասնաճյուղերի միջոցով տարբեր բարեգործական միջոցառումներ, դրամահավաք էր կազմակերպում ամերիկյան եւ Կարմիր բանակի, Կարմիր Խաչի եւ Մայր հայրենիքի օգտին, իսկ հետագա տարիներին պայքարում նորակազմ ՄԱԿ-ի շրջանակում Հայոց հարցի արդարացի լուծման համար:

Ամերիկայի հայերը, որոնք տարաբնույթ օգնություն էին ցուցաբերում պատերազմի հետեւանքով ուժասպառ եղած Խորհրդային միությանն ու հատկապես հեռավոր Մայր Հայաստանին, մեծ ներդրում ունեն նաեւ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում: Այն մասնակցել է խորհրդային տարածքների ազատագրման համար Կարմիր բանակի հաղթարշավին: Իսկ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյան ձեւավորումը, որը մեկնարկում է 1945 թվականին, կանգ է առնում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Ինչ եք կարծում, ինչո՞վ է բացատրվում հայ ժողովրդի այս զավակների ակտիվ մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին ԱՄՆ-ի բանակի գործողություններին:

Թուրքիայում իրագործված Ցեղասպանության հետեւանքով հրաշքով ողջ մնացած հայերի մեծ մասի համար բնորոշ են Ցեղասպանությունը վերապրած մի հայուհու խոսքերն իր որդու մասին, որը ծառայում էր ամերիկյան բանակում եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հասել էր Բեռլին. «Իմ որդին վրեժ լուծեց իր ազգի այն ներկայացուցիչների համար, որոնք սպանվել են նախորդ պատերազմի ժամանակ գերմանացիների մասնակցությամբ եւ նրանց թողտվությամբ: Նա վրեժ լուծեց նաեւ նախորդ պատերազմում մորթված հարյուր հազարավոր հայերի համար»:

Այդ պատճառով Ամերիկայի հայերը Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հետ էին կապում Հայոց հարցի վերհանման եւ իրենց արդարացի պահանջների բավարարման հույսը:

Հայկ Շեքերջյան. ԱՄՆ բանակի առաջին հայ գեներալը

Ամերիկյան զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Դուայթ Էյզենհաուերը շնորհավորում է Էռնեստ Դերվիշյանին՝ Կոնգրեսի Պատվո շքանշանին արժանանալու առիթով

Կապիտան Վիկտոր Մաղաքյան. արժանացել է ԱՄՆ երկրորդ բարձրագույն պարգեւին

Ջեյմս Թոփալյան. ԱՄՆ բանակի առաջին հայազգի զոհը

Հարրի Դաղլյան. ատոմային մասնագետ

Լեյտենենտ Սյու Սարաֆյան. Դուայթ Էյզենհաուերի անձնական քարտուղարը

«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել է հայկական սփյուռքի ջանքերով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news