News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում արդեր երկրորդ օրն է, որ կրքերը չեն հանդարտվում: Պատճառը դեկտեմբերի 9-ի երեկոյան ժամը 21-ի սահմաններում գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանությունն է, որն ավարտվել է դանակահարությամբ:

Համայնքապետարանի դիմաց հավաքված բնակիչները երկու մասի են բաժանվել՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Պապյանի կողմանիցների եւ նրա հրաժարականը պահանջող գյուղացիների:

Գյուղացիների մի մասի կարծիքով դանակահարությունը տեղի է ունեցել հենց Պապյանի կողմնակիցների կողմից, իսկ իրենք անընդունելի են համարում նման պարագայում գյուղապետի պաշտոնավարումը: «Երկար տարիներ այս գյուղում ենք ապրում, երբեւէ մեր գյուղում էսպիսի թշնամանք չի եղել, եթե ինչ-որ մանր-մունր հարցեր են եղել, տեղում շտկվել են: Իսկ հիմա գյուղացիները կարծես իրար թշնամի լինեն: Գյուղը չի սիրում Պապյանին, ուստի նա պիտի հրաժարական տա»,-ասում էին գյուղապետի հրաժարականը պահանջողները:

Գյուղացիներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ հավաքվածները Վարդան Պապյանի կողմնակիցներին առաջարկել են խորհուրդ տալ վերջինիս հրաժարական ներկայացնել, մանավանդ որ ժամանակավոր պաշտոնակատար է: Գոնե այդ քայլով իրավիճակը փոքր-ինչ կշտկվի. «Թող հիմա Վարդանը հրաժարական տա, մեկ է երկու ամսից ընտրություն է լինելու համայնքում: Գոնե էս պահին զայրացած մարդիկ՝ դանակահարվածների հարազատները, դանակահարողի ընտանիքը մի փոքր կհանդարտվեն: Հետագայում թող դնի իր թեկնածությունը, եթե մարդիկ նրան ընտրեն, թող էդպես լինի, բայց հիմա նրան չեն սիրում»,-հայտնեցին գյուղացիները:

Իր հերթին՝ Վարդան Պապյանի կողմակիցները հայտնեցին, որ գյուղապետի մեղքով չի եղել դանակահարությունը ու դրանում Վարդանին մեղադրելն ու վերջինիս հրաժարականը պահանջելն անարդարացի է: Վերջինիս հայրը նշեց նաեւ, որ հենց Վարդանի պաշտոնավարման ընթացքում են համայնքում լուծվել մի շարք խնդիրներ՝ լուսավորություն եւ այլն: Հավելենք, որ ի նշան բողոքի, Նոր Գեղիի բնակիչները նախօրեին փակել էին գյուղի ճանապարհը: Վերջիներս ճանապարհը բացել են միայն Ոստիկանության մարզային վարչության պետի այցելությունից եւ ժողովրդի հետ բանակցելուց հետո:

Խնդրի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Վերջինս հայտնեց, որ անընդունելի է համարում այն, ինչ տեղի է ունենում Նոր Գեղի համայնքում. «Այսօր երկու ինքնաբուխ հավաք է տեղի ունենում Նոր Գեղիում՝ ի տարբերություն երեկվա հավաքի: Երեկ մի  խումբ գյուղացիներ հավաքվել եւ պահանջում էին Վարդան Պապյանի հրաժարականը: Նրանք նախկին՝ 32 տարվա  գյուղապետի կողմնակիցներն են: Այսօր արդեն ակցիաները երկուստեք են: Մի մասը  պահանջում է Վարդան Պապյանի հրաժարականը: Մյուս կողմից, մեծաքանակ թվով գյուղացիներ եւս ակցիա են արել ի պաշտպանություն Վարդան Պապյանի:

Այս իրավիճակին գնահատական տալով՝ հայտնում եմ, որ ես մարզպետի իմ բացառիկ հնարավորությամբ իրավունք ունեմ Նոր Գեղիում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նշանակել եմ Վարդան Պապյանին: Եթե չեն ուզում, երկու ամսից այդ համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, այդ ժամանակ թեկնածուները կառաջադրվեն, գյուղացիներն էլ կանեն իրենց ընտրությունը: Մինչ այդ մնալու է Վարդան Պապյանը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար»,-նշել է մարզպետը:

Դիտարկմանը, թե Նոր Գեղիում տեղի ունեցած դանակահարությունը կապում են արդան Պապյանի կողմանիցների հետ, մարզպետը հայտնեց. ««Հիմա Նոր Գեղիում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ Քննչական Կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում: Այդ մասով շատ մանրամասներ չեմ կարող հայտնել: Բայց պետք է նշեմ, որ քարոզարշավի ընթացքում նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը առերեւույթ դիտավորությամբ մեքենայով եկել ու հարվածել է մեր կողմնակիցներից մեկի մեքենային, որի վրա փակցված է եղել իմ պաստառը, իսկ արդեն ընտրության օրը՝ երեկոյան, միջադեպի շարունակության արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի մանրամասներն ու հանգամանքները կպարզեն իրավապահ մարմինները:

Այնտեղ կոչեր են հնչում, թե եթե Վարդանը հրաժարական չտա, արյուն է թափվելու: Ես այդ մասին հայտնել եմ իրավապահ մարմիններին ու հիմա այնտեղ հսկողություն է:

Ի դեպ, նշեմ, որ  հենց Վարդան Պապյանի պաշտոնավարման ամիսներին համայնքում մի շարք հարցեր են լուծվել՝ համայնքի լուսավորություն, մանկապարտեզներում, ՀՈԱԿ-ներում վերահսկողություն: Համայնքը բավականին մեծ է՝ բավականին մեծ բյուջեով ու որոշ մարդիկ, երեւի թե հավակնություններ ունեն այս առումով: Բայց եւս մեկ անգամ պիտի փաստեմ, որ դա հնարավոր չի լինելու, որովհետեւ  մարզում այլեւս իշխում է օրենքի գերակայություն»,-ամփոփեց մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության: Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել:

Դեկտեմբերի 10-ին ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ: Դեկտեմբերի 10-ին, ժամը 1.10-ին Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետեւանքով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գեւորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ: Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գեւորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին եւ խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց: Գեւորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին:

Տպել
Ամենաշատ