1700 տարվա մեջ 130 եւ ավելի կաթողիկոսներ երբեւէ չմտաբերեցին, որ Մարիամ Աստվածածնի մոր անունը Աննա է եւ Մեծ Հայքի տարածքում տասնյակ հազարավոր եկեղեցիներից ոչ մեկը չանվանեցին Սուրբ Աննա: Այս մասին այսօր`ապրիլի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով, քրիստոնեության ընդունումից հետո Մեծ Հայքի տարածքում երբեւէ Սուրբ Աննա անունով ոչ մի գավառում, գյուղում եկեղեցի, մատուռ, վանք չի եղել: Իսկ թե ինչու չի եղել, Սամվել Կարապետյանն ասաց, որ  դա հարգված եւ ընդունված սուրբ չի եղել:

«Ճիշտ է` մենք օտար սրբեր շատ ենք հարգել, պատվել, բայց մինչեւ Սուրբ Աննա չենք հասել: Որքան ազգն այլասերվեց, այնքան օտար երեւույթներ ու անուններ մտան մեր իրականություն, ինչպես օրինակ Սուրբ Նիկողայոսը»,- ասաց Սամվել Կարապետյանը` հավելելով, որ 20-րդ դարում օտար ափերում ունեցել ենք մի քանի Սուրբ Աննա եկեղեցին, որոնք օտար ազդեցության արդյունք են: Սամվել Կարապետյանի փոխանցմամբ`Հայաստանում մեկ Սուրբ Աննա ունենք, որը գտնվում է Վայքում, այն կառուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ իր մոր եւ աղջկա անվան պատվին` օծել Սուրբ Աննա:

«Հիմա էլ Կաթողիկե եկեղեցին են  ուզում Սուրբ Աննա կոչեն: Սա էլ, մեր չար բախտից, հովանավորի կնոջ անունն է: Իհարկե կաթողիկոսն ասաց, որ դա Մարիամ Աստվածածնի մոր անունն է»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Իսկ ահա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում կառուցվելիք Սուրբ Աննա եկեղեցին կապ չունի Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մոր անվան հետ: «Մեր եկեղեցու պատմության մեջ ունենք Սուրբ Աննա եկեղեցի: Մենք ունենք Սուրբ Աննա եկեղեցի Մալիշկայում: Գիտեք, թե ում մոր, կնոջ անունին է համապատասխանում այդ անունը, բայց իրականում դա այդպես չէ: Տարբեր եկեղեցիների անուններ տարբեր սրբերի անուններով են կոչվում: Սուրբ Աստվածածնի մոր անունը Աննա էր, այդպիսի սուրբ կա, հետեւաբար որեւէ անձանց հետ չի կապվում: Կարող է համընկնումներ լինեն, բայց դա բացարձակապես որեւէ բան չի ենթադրում»,- ասաց նա:

Նշենք, որ Մալիշկա գյուղը Արա Աբրահամյանի հարազատ գյուղն է եւ այնտեղի սուրբ Աննա եկեղեցին եւս կապվում է նրա մոր կամ  աղջկա անվան հետ: