Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում կաթողիկոսի երեւանյան նստավայրը եւ Սուրբ Աննա եկեղեցին կառուցելու շուրջ ծավալված քննարկումները եւ բողոքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն արդարացի չի համարում: «Տարածքը շարունակելու է լինել կանաչապատ, ավելի բարեկարգ, քան այսօր կամ տարիներ առաջ է եղել: Կաթողիկոսական նստավայրի եւ նոր աղոթավայր տաճարի առկայությունը որեւէ կերպ չեն խամրեցնելու ոչ Սուրբ կաթողիկե եկեղեցու արժեքը, ոչ էլ քաղաքի այդ վայրը: Ընդհակառակը` ավելի գեղեցկացնելու են, պատշաճ են դարձնելու եւ ավելի օգտակար ծառայություն է հասարակությանը»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Տեր Վահրամի խոսքով, այսօր Կաթողիկե եկեղեցու տարածքում առկա վիճակը`«անմխիթար պատկերը` ավտոտնակները, տարբեր շինությունները», լավագույնս կվերացնի նոր եկեղեցու կառուցումը: «Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը ավելի նախանձախնդիր է այդ հարցում, քան Մայր Աթոռի սպասավորները կամ հայրապետը եւ եթե ինչ-որ բան խաթարեր Կաթողիկեն, ինքն առաջինը կկասեցներ շինարարությունը: Նոր եկեղեցու կառուցումը որեւէ կերպ չի վնասի Կաթողիկեին, ընդհակառակը` դա սիրելի անկյուն կլինի երեւանցիների համար»,-ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ հաշվի կառնվի հանրության շրջանում առաջացած դժգոհությունը, տեր Վահրամը պատասխանեց. «Եթե հիմնավոր լինեին նրանց փաստարկները, դրանք ուշադրության կարժանանային, բայց դրանք հիմնավոր ու տեղին չեն: Նրանք չեն վիճարկում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Երեւանում նստավայր պետք է ունենա: դա անհրաժեշտություն է, որը պայմանավորված է նրա ծառայությամբ»,- ասաց նա:
Տեր Վահրամի խոսքով` նախագիծն առկա է, շինարարությունն իրականացնում է «Հովնանյան» հիմնադրամը, իսկ Մայր Աթոռը որեւէ դիմում-բողոք այդ առնչությամբ, չի ստացել:
Նշենք, որ այդ տարածքում Կաթողիկե եկեղեցու հարեւանությամբ Գարեգին Բ-ի նոր նստավայր ու մեծ եկեղեցի կառուցելու դեմ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել են «Փրկենք Կաթողիկեն», «Դադարեցրեք Կաթողիկեի այլանդակումը հիմա» խմբերը, որտեղ նշված է. «Երեւանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին եւ սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ` պատմական միջավայրի աղճատման: Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երեւանյան նստավայրը:
Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որն ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն: Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ»:




























