44-օրյա պատերազմի  ժամանակ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու մեջ մեղադրվող Մատաղիսի զորամասի հրամանատար Սեւակ Աբրահամյանը չի ընդունում իրեն  առաջադրված մեղադրանքը: NEWS.am-ի հետ զրույցում  նրա փաստաբանը` Հովհաննես Վարդանյանն ասաց, որ իրենք պատրաստվում են նաեւ բողոքարկել նախկին հրամանատարին 2 մասով կալանավորելու դատարանի որոշումը:

«Սեւակ Աբրահամյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ինքն իր առջեւ դրված պարտականնությունները կատարել է պատշաճ կերպով ըստ իր հայտնածի, ոը դեռ վարույթն իրականացնող մարմինը պարտադիր քննության առարկա կդարձնի ու պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկի: Սա առաջին դեպքը չի մեր հանրապետությունում, երբ գործի բնույթը իր հնչեղությամբ, իր նկարագրական մասով կարող է շատերի մոտ ատելություն առաջացնել, թշնամանք, բացասական զգացողություն, բայց անկախ ամեն ինչից  պետք է հարգել անմեղության կանխավարկածը,  հարգանքով մոտենանք էս ինստիտուտի նկատմամբ  ու սպասենք քննության ավարտին, որից  հետո նոր պարզ կլինի` պաշտպանյալս մեղավորություն ուներ, թե ոչ»,-ասաց նա:

Փաստաբանը անդրադարձավ քննչական կոմիտեի հաղորդագրությունում նկարագրվող պատերազմի նախորդ օրը տեղի ունեցած միջոցառմանը, որը ՔԿ-ն նկարագրել էր, որպես խնջույք-հացկերույթ:

«Սեպտեմբերի 26-ին երեկոյան ժամին միջոցառում է կազմակերպվել, որը ինչ-որ տեղ ավելի շուտ նպատակ ուներ բարձրացնել սպաների  մարտական-բարոյահոգեբանական մթնոլորտը, քաջալերել, կտրել մի փոքր ծառայողական  խնդիրներից, բայց էդ ամեն ինչը չի վերախծվել գինարբուքի կամ  հարբեցողության, ամեն ինչ վերահսկվել է հենց հրամանատարի կողմից եւ երեկոյան ժամերին միջոցառումը ավարտվել է, իսկ թշնամու հարձակումը եղել է առավոտյան ժամերին»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ գինարբուքը որեւէ առնչություն չունի անձի մեղավորության հետկոնկրետ առաջադրված մեղադրանքում: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեղադրանքով բարձրաստիճան սպա է կալանավորվել: 

Ըստ Քննչական կոմիտեի հրամանատարը պատերազմի մեկնարկի  նախորդ օրը բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ  տեղեկատվություն է ստացեl, որ  առաջնագծում հակառակորդի կուտակումների կան եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստություն չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար: Բացի այդ` գնդապետը հարձակման պահին նույնպես չի կատարել իր պարտավորությունները, անգործություն է դրսեւորել, ինչի հետեանքով ադրբեջանական կողմը ժամերի ընթացքում կարողացել է ճեղքել պաշտպանական գիծն ու մխրճվել թիկունքային հատվածներ: Այդ պայմաններում հայկական կողմը չի կարողացել պաշտպանության անցնել, ինչը հանգեցրել է նրան,  որ ադրբեջանական կողմը գրավել է գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, մխրճվել պաշտպանության խորքը` զորամասի անձնակազմին ստիպելով նահանջել: Դրա հետեւանքով հակառակորդի վերահսկողության տակ են անցել Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: