News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական հաստատությունների գործունեության, մասնավորապես, մեկ գանձապետական հաշիվ ունենալու կամ գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ վերջին տարիների ՀՀ օրենսդրական կարգաբերումները միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և հնարավոր խախտումների կանխարգելմանը։ Սակայն այդ կարգաբերումների, մասնավորապես, «Գնումների մասին» օրենքի իմպլեմենտացիան հաշվի չի առնում գիտական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները։

Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, «Գնումների մասին» օրենքի գաղափարը չարաշահումները անհնար դարձնելու և երկրում մեծածախ առևտուրը հարկային դաշտ բերելու պայմաններ ստեղծելն է։ Սակայն գիտական կազմակերպությունների համար այն մի շարք խնդիրներ է առաջացնում, մասնավորապես, սարքավորումների ձեռք բերման ընթացքում։

«Մեր առանձնահատկությունն այն է, որ ձեռք բերվող ապրանքները հայաստանյան շուկայում չկան։ Հայաստանում ձևավորված չէ գիտական սարքավորումների շուկա, անգամ սովորական օսցիլոգրաֆ հնարավոր չէ ձեռք բերել, իսկ մեզ շատ դեպքերում անհրաժեշտ են լինում հատուկ սարքավորումներ, որոնք պետք է մշակվեն ու հավաքվեն մեր պատվերով», - ասաց նա։

Ֆորմալ առումով, ցանկացած երկրի ցանկացած կազմակերպություն կարող է մասնակցել հայաստանյան գնումների գործընթացին։ Բայց, նախ` պայմանագրի ձևը, որ պիտի կնքվի մատակարար կազմակերպության հետ, առկա է միայն հայերեն և ռուսերեն։ Երկրորդ` շատ սարքաշինական ընկերություններ աշխատում են 100 տոկոս կանխավճարով, իսկ «Գնումների մասին» օրենքը թույլ է տալիս առավելագույնը 50 տոկոս կանխավճար, այն էլ՝ բանկային երաշխիքների պայմանով։ Երրորդ` պայմանագրում պետք է ամրագրվի մատակարարման հստակ ժամանակացույց, ու եթե մատակարարող կազմակերպությունը ինչ-ինչ պատճառներով ուշացնի այն, ապա կենթարկվի տույժ ու տուգանքի։ Մատակարումը պիտի կատարվի տվյալ օրացուցային տարում, փոխադրել այն հաջորդ տարի չի թույլատրվում։ Այս ամենին գումարած մի մեծ փաթեթ թղթաբանություն՝ նախօրոք պատրաստած առաջարկ, որը պետք է մրցույթից մեկ օր առաջ առաքվի ծրարով, կամ մուտք արվի համակարգ (դա էլ պարզ չէ, թե ինչպես, քանի որ կայքը անգլերեն տարբերակ չունի)։

«Եթե ես ԱՄՆ-ից կամ Չինաստանից ընկերություն եմ գտնում, համոզում եմ, որ մասնակցեն մեր գնումների մրցույթին, ապա սկսում եմ միանգամից իրենց տրամադրությունը գցել: Գիտե՞ք, որ մենք ձեզ կարող ենք տալ ընդամենը 50 տոկոս կանխավճար, գիտե՞ք, որ եթե մի օր ուշացնեք պատվերը, տույժ ու տուգանք կկիրառվի և այսպես շարունակ», - ասաց Արամ Պապոյանը, հավելելով, որ արտասահմանյան կազմակերպությունները նախընտրում են զերծ մնալ նման գլխացավանքից, ու ինստիտուտները ստիպված են դիմել միջնորդ կազմակերպությունների։ Միջնորդներն էլ, հաշվի առնելով ծախսերն ու հնարավոր ռիսկերը՝ վարկերի ներգրավումը, տույժ ու տուգանքները, իրենց ծառայութան համար մեծ գումար են վերցնում։

«Արդյունքում ստացվում է, որ այն ինչ մենք կարող էինք ձեռք բերել 1000 եվրոյով, ձեռք ենք բերում լավագույն դեպքում 1500 եվրոյով։ «Գնումների մասին» օրենքի հիմքում երկու սկզբունք է՝ չարաշահումների, կոռուպցիայի բացառումը և պետական միջոցների արդյունավետ օգտագործումը։ Ակնհայտ է, որ սա պետական միջոցների արյդունավետ օգտագործում չէ։ Դրան գումարած, անգամ այս պայմաններում այդ միջնորդներին գտնելը շատ դժվար է», - ասաց տնօրենը։

Հաջորդ խնդիրը «Գնումների մասին» օրենքում ամրագրված բազային միավորն է, որը մեկ ապրանքախմբի համար տարեկան կազմում է 1 մլն դրամ։ Օրինակ, եթե համակարգչային տեխնիկայի գնման համար տարվա ընթացքում 1 մլն դրամ արդեն ծախսվել է, ապա մեկ կրիչի, կամ վեբ խցիկի, կամ այլ մանր համակարգչային տեխնիկայի գնումը դառնում է գրեթե անհնար։

Խնդրահարույց է նաև ծառայությունների գնման գործընթացը։  Օրինակ, պատահել է, որ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում միաժամանակ վթարվել են էլեկտրական մալուխը և ջրատար խողովակը։ Օրենքը նման դեպքերում պահանջում է կազմել խափանման ակտ, այնուհետև հրավիրել կամ մրցույթով ընտրել նախագծա-նախահաշվային կազմակերպություն, որպեսզի նախագծում արվի և նախահաշիվ կազմվի, հետո մի հատ էլ մրցույթ անցկացնել շինարարական կազմակերպություն ընտրելու համար, որը կվերացնի վթարը։ Արդյունքում ինստիտուտը կարող է շատ երկար ժամանակ մնալ առանց ջրի և հոսանքի։ Արամ Պապոյանը նախընտրել է վճարել իր գրպանից, ու արագ վերացնել վթարը, բայց  իր ծախսած գումարը ոչ մի կերպ չի կարող ձևակերպել ու հետ ստանալ։ Տնօրենի խոսքով, այդպիսի դեպքեր, որ ինքն իր գրպանից է վճարում, շատ հաճախ են պատահում։

Ըստ նրա, նախկինում «Գնումների մասին» օրենքը անհետաձգելի դեպքերի համար նախատեսում էր որոշակի ծախսեր վերադասի թույլտվությամբ, բայց այժմ այդ կետը հանվել է։

«Դա նշանակում է, որ նման մանր բաները, որ կառավարության անդամների մտքով էլ չեն անցնում, կարող են հանգեցնել ինստիտուտի աշխատանքի երկարաժամկետ խափանման։ Այսինքն, որոշ դեպքերում ես հարկադրված խախտում եմ անում», - ասաց Արամ Պապոյանը։

Ըստ տնօրենի՝ արտաբյուջետային, դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գիտական ինստիտուտները որպես պետական կազմակերպություններ ևս պարտավոր են գործել «Գնումների մասին» օրենքով։ Երբ որ դրանք երկարաժամկետ ծրագրեր են, մի կերպ կարողանում են օրենքի սահմաններում գործել։ Բայց, օրինակ, ինտիտուտը կատարում է ռազմարդյունաբերական պատվերներ, և 6 ամսվա ընթացքում պետք է ինչ-որ սարքի նախատիպ պատրաստի։ Այս դեպքում օրենքի սահմաններում գործելը պրակտիկորեն անհնար է դառնում։

Արամ Պապոյանը տեղեկացրեց, որ ԳԱԱ ինստիտուտների ղեկավարները «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների մի շարք առաջարկներ են մշակել, որոնք ներկայացվել են ԳԱԱ տարեկան ժողովին, և ուղարկվել են կառավարություն։ 

Այդ առաջարկությունները հետևյալն են.

1․Եզակի գիտական սարքավորման ձեռքբերման համար պետք է նախատեսել ուղիղ գնումների հնարավորություն՝ պետական լիազոր մարմնի կամ ԳԱԱ թույլտվության հիման վրա։ Հայտարարված գնման մրցույթին մասնակիցների բացակայության դեպքում հնարավորություն տալ գիտական կազմակերպություններին կատարել գնում ուղղակիորեն արտադրող ընկերությունից՝ գնային առաջարկի (հնարավորության դեպքում՝ մի քանի ընկերություններից ստացված գնային առաջարկների) հիման վրա:

«Առաջ, եթե մի երեք անգամ մրցույթ էիր հայտարարում ուոչ մի կազմակերպություն չէր մասնակցում, կարող էիր ուղիղ գնում անել։ Հիմա դա չկա, անընդհատ պետք է մրցույթ հայտարարես, ու կարող է ծրագրիդ ժամկետն ավարտվի, գումարն էլ այդ պատճառով մնա չծախսված», - պարզաբանեց Արամ Պապոյանը։

2․Գիտական կազմակերպությունների արտաբյուջետային միջոցներով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման վրա պետք է չտարածել «Գնումների մասին» օրենքի կարգավորումները:

Հիմնավորելով այս առաջարկությունը, ՖՀԻ տնօրենը նշեց, որ միջազգային դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ոչ պետական պայմանագրային աշխատանքների ընթացքում իրականացվող ծախսերը արդեն իսկ համաձայնեցնում և վերահսկում են ֆինանսավորող կազմակերպությունները:  «Օրինակ, մենք Եվրամիությունից դրամաշնորհ ենք ստացել, այդ նույն վերահսկողական գործառույթները ԵՄ-ն կատարում է։ Մենք ամեն բան իրենց հետ համաձայնեցնում ենք, պայմանները շատ հստակ են», - ասաց նա։

3․Ցանկալի է գնումների բազային միավորի շեմը բարձրացնել մինչև 5 միլիոն ՀՀ դրամ, ինչն էապես կպարզեցնի և կարագացնի ոչ թանկարժեք սարքերի ու նյութերի ձեռքբերման գործընթացը:

«Գնումների մասին» օրենքից բացի պետական մի շարք այլ կարգավորումներ ևս «չեն հեշտացնում» գիտական կազմակերպությունների գործունեությունը։ Օրինակ, բյուջետային ֆինանսավորման սխեման հետևյալն է․ առաջին եռամսյակում կազմակերպությունը ստանում է իր տարեկան բյուջեի 20 տոկոսը, երկրորդ-երրորդ եռամսյակներում՝ 25 տոկոսը, չորրորդում՝ 30 տոկոսը։

«Բայց աշխատավարձը վճարում ենք հավասարաչափ, հունվար, փետրվար, մարտ ամիսների ջեռուցման ծախսերը մեծ են՝ 30 տոկոս այդ ծախսերն են։ Ստացվում է, որ առաջին եռամսյակում ունենք բացասական գումար, այսինքն, դեռ մի բան էլ պետք է ավելացնել աշխատավարձերը վճարելու համար։ Իսկ վերջին եռամսյակում կուտակվում է գումարը, բայց օրենքով արգելվում է գումարը տեղափոխել հաջորդ տարի։ Իսկ մինչև հունվարի 20-ը պետք է կոմունալները վճարել, ինչպե՞ս անել։ Կանգնում ես խնդրի առաջ», - ասաց տնօրենը։

Արամ Պապոյանը նկատեց, որ նախկինում բազային ֆինանսավորումը տրվում էր 5 տարով, և հնարավոր էր տարիների մեջ գումարի վերաբաշխում կատարել։ Այժմ այն տրվում է մեկ տարով, և տարեվերջում եթե չծախսված գումար է լինում, այն հնարավոր չէ տեղափոխել հաջորդ տարի։ Դեպք է եղել, երբ տարվա վերջում կառավարությունը որոշել է ինստիտուտի հաջորդ տարվա գումարը կրճատել, որովհետև տարեվերջին չծախսած գումար է եղել։

Այդ պատճառով գիտնականներն առաջարկում են բազային ֆինանսավորումը դարձնել եռամյա կամ հնգամյա ծրագիր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի այդ տարիների ընթացքում գումարներ կուտակել և, օրինակ, լուրջ սարքավորում գնել։

Մեկ գանձապետական հաշիվ ունենալը, ըստ Արամ Պապոյանի, մի կողմից լավ է՝ հնարավոր է տարբեր ֆինանսական աղբյուրներից ստացած միջոցների վերաբաշխում կատարել։ Բայց մյուս կողմից, оրինակ ISTC-ի (Միջազգային գիտա-տեխնիկական կենտրոն) ֆինանսավորած նախագծերի համար պահանջվում է առանձին հաշվեհամար ունենալ, ու ISTC հետ այդ համաձայնագիրը հաստատել է ՀՀ Ազգային ժողովը։ «Այստեղ հակասություն կա․ մի կողմից պետությունը վավերացրել է այդ համաձայնագիրը, մյուս կողմից՝ ՊՈԱԿ-ներին թույլ չի տալիս մեկ գանձապետական հաշվից բացի այլ հաշվեհամար ունենալ», - ասաց Արամ Պապոյանը։ Այս հարցը ևս կառավարության առջև բարձրացվել է։

Մեկ ուրիշ «պատմություն է» այդ գանձապետական հաշվի վրա արտարժույթով գումար ստանալը։ Այն պետք է փոխանցվի Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարին, այնտեղից՝ ֆինանսների նախարարությանը, նախարարությունից՝ ինստիտուտի գանձապետական հաշվին։ Մի կողմ թողնենք, որ էլեկտրոնային փոխանցման համակարգում երեք հաշվեհամար լրացնելու համար դաշտ չկա։ Երբ վերջապես երկար դեգերումներից հետո այդ գումարը տեղ է հասնում, պարզվում է, որ ԿԲ-ն ու գանձապետարանը արտարժույթով գործարքներ կատարելու պայմանագիր չունեն։ Այսինքն, ԿԲ փոխանցումը անում է դրամով, օրվա կուրսով, իսկ եթե ինստիտուտը իր հետագա գործարքները պետք է կատարի արտարժույթով, ապա գանձապետարանն է դրամը փոխում արտարժույթի, արդեն այդ օրվա կուրսով, ու արդյունքում, օրինակ, ինստիտուտը կարող է կորցնել 3500 եվրո։

Այս խնդիրը ևս գիտնականները բարձրացրել են, բայց լսո՞ւմ են արդյոք նրանց։

«Չգիտեմ, մեզ այդքան լավ չեն լսում, բայց այնպես չէ, որ մենք լուռ նստած ենք», - ասաց Արամ Պապոյանը։

Տպել
Ամենաշատ