Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտների մի խումբ ծնողներ նամակով դիմել են լրատվամիջոցներին, բողոքելով, որ թեեւ ԿԳ նախարարի որոշմամբ չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից, սակայն թիվ 42 դպրոցում տնօրենը որոշել է դրանք սկսել հունվարի 12-ից:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մենք թիվ 42 ավագ դպրոցի ծնողներս դիմում ենք Ձեզ հարգելի լրատվամիջոցներ: Մեր դպրոցի նոր տնօրեն Է. Թումանյանը արհամարելով ԿԳՆ-ի ու Երեւանի քաղաքապետարանի հրահանգները կապված դասերի վերսկսման հետ (այսինքն չջեռուցվող դպրոցներում դասերը պետք է սկսվեն հունվարի 23-ից) որոշել է որ մեր դպրոցում դասերը պետք է սկսվեն հունվարի 12-ից: Նա անօրինաբար որոշում է կայացրել անարգելով մեր, մեր երեխաների եւ ուսուցիչների կարծիքը: Այսպիսի արհամարանք մենք դեռ չենք տեսել եւ ոչ մի տնօրենի օրոք: Խնդրում ենք Ձեզ պարզել այս խնդիրը եւ տեղեկացնել այս մասին ԿԳՆ-ին ու Երեւանի քաղաքապետարանին: Շարունակելով խոսքը կցանկանայինք ներկայացնել դպրոցի վիճակի մասին համառոտ բնութագիր:
Դպրոցը գտնվում է քանդված վիճակում, չի ջեռուցվում, պատերը քանդված են, իսկ դռներն ու պատուհանները կոտրված եւ մաշված: Ինչպես է մեր տնօրենը պատկերացնում դասերի վերսկսումը այս պայմաններում ու այս ժամանակ մենք չենք պատկերացնում: Դպրոցում ավելի ցուրտ է քան դրսում: Տաք օրերին ջերմաստիճանը հասնում է մինչեւ +6 աստիճանի, իսկ ցուրտ օրերին` մինչեւ -4 աստիճանի: Սրանք մոտավոր թվեր են: Ջեռուցման սարքերը կամ փչացած են կամ լավ չեն աշխատում եւ շատ քիչ են: Դպրոցի անգամ 1/3-ը չի տաքացվում: Դասարանների պատուհանները բաց են, դռները նույնպես, քանի որ կամ ապակի չկա, կամ էլ կոտրված են: Պատերը քանդված են իսկ մանրահատակը բացակայում է կամ էլ տեղ-տեղ կարկատված է:
Դիմում ենք նաեւ ԿԳՆ-ին ու Երեւանի քաղաքապետարանին եւ խնդրում ենք լուծել այս խնդիրը: Դպրոցում սովորող մոտ 400 աշակերտներից մենք վստահ ենք որ մինչեւ հունվարի 23-ը չի գալու մոտ 300-ը: Մնացածներն էլ կգան ու կգնան, քանի որ անհնար է այդ պայմաններում հատկապես սպասվող ցուրտ եղանակին դասեր անցկացնել: Մեր նոր տնօրենը երեւի տեղյակ չէ մոտակա 2 շաբաթվա եղանակի տեսությունից եւ երեւի նա միայն նայել է երկնքին ու տեսել է տաք եւ բաց եղանակ ու որոշել է դասերը վերսկսել հունվարի 12-ից: Դպրոցում նաեւ լայն տարածվել է այս վերջին շրջանում ջրծաղիկը ու դեղնախտը , իսկ մեր դպրոցի բուժքույրը գոյություն էլ չունի: Մենք նրան 2 տարի է չենք տեսել:
Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք եւ չենք ցանկանում, որ մեր երեխաները հունվարի 12-ից հաճախեն դպրոց: Մեր երեխաները դպրոց կհաճախեն հունվարի 23-ից ինչպես մյուս բոլոր դպրոցներում է: Նախապես շնորհակալություն»:
Այդ հարցի առնչությամբ դիմեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին, ով տեղեկացրեց, որ թիվ 42 ավագ դպրոցը չունի կաթսայատուն, եւ դասասենյակները ջեռուցվում են էլեկտրական վառարաններով: «Իրենք հաղթահարել են դեկտեմբեր ամիսը, երբ ավելի ցուրտ էր դրսում: Հիմա մտածել են, որ դրսում բավականին տաք է, եւ իրենք կշարունակեն դասերը, քանի որ ավագ դասարանի աշակերտները ցանկացել են անպայման օգտվել գարնանային արձակուրդից, եւ չեն ցանկացել լրացնել բաց թողնված դասաժամերը, ինչպես մենք ենք հրահանգել: Եթե դասապրոցեսը սկսեին հունվարի 23-ից, ինչպես մենք ենք հրահանգել, ապա պետք է լրացնեին բաց թողնված դասաժամերը: Հիմա դպրոցում աշակերտների հաճախումը կազմում է 50 տոկոս, որն, ըստ տնօրենի օր-օրի կավելանա:
Ծնողների բաց նամակի հետ կապված տնօրենն այսօր կհրավիրի ծնողական խորհուրդ, կզրուցեն աշակերտների հետ եւ վերջնական որոշում կկայացնեն, թե ինչ անեն: Բայց նամակը, մի տեսակ չար նամակ է, այնտեղ կոտրված ապակիներ չկան, տնօրենն ինչ երկու ամիս է նշանակվել է լուծել է միջանցքի պատուհանների կոտրված ապակիների խնդիրը: Հետո էլ իրականությանը չի համապատասխանում այն, որ դասերն սկսվել են հունվարի 12-ից: Դրանք սկսվել են հունվարի 9-ից, ճիշտ է քիչ թվով աշակերտներով»: Հարցին, թե դասասենյակներում որքա՞ն է կազմում օդի ջերմաստիճանը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դասասենյակներում օդի ջերմությունը մոտ 14-15 եւ 16 աստիճան է, միջանցքներում` 10 աստիճան է: Միջանցքում ցուրտ է, բայց իրենք հիմնականում դասասենյակներում են լինում»: Վարչության պետը նաեւ կարծիք հայտնեց, որ 16 աստիճան ջերմությունը բավարար է նորմալ դասապրոցես անցկացնելու համար. «Առավոտ շուտ է ջերմաստիճանն այդքան լինում, օրվա ընթացքում մի քիչ ավելանում է»:
Հարցին, թե կա՞ն արդյոք ավագ դպրոցներ, որոնք, չունենալով կաթսայատուն եւ ջեռուցվում են էլեկտրական սալիքներով, այնուհանդերձ կվերսկեն դասերը հունվարի 23-ից, Հովհաննիսյանն արձագանքեց. «Այո, այդպիսինները կան, օրինակ 182 դպրոցը»:
Հիշեցնենք, որ Տ.Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանը սեպտեմբերին է ստանձնել իր պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Երեւանի քաղաքապետարանում որպես մշակույթի վարչության պետ: Այդ պաշտոնը նա ստանձնել էր դեռեւս Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ դառնալու օրոք, ով ստանձնելով պաշտոնը, չէր մոռացել իր ղեկավարած վարչական շրջանի կրթության եւ մշակույթի բաժնի պետին:



























