Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 4-ին վերադասավորումներ է կատարել երկրի կառավարության կազմում: «Բելառուսկիե նովոստիի» փոխանցմամբ՝ վերադասավորումները վերաբերել են պաշտպանության, էկոնոմիկայի, հարկերի, տեղեկատվության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություններին:

Պաշտպանության նոր նախարար է դարձել Յուրի Ժադոբինը, որ նախկինում զբաղեցնում էր Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնը, նախագահի գործերի կառավարիչ է նշանակվել Նիկոլայ Կորբուտը, էկոնոմիկայի նախարար՝ Նիկոլայ Սնոպկովը, հարկահավաքության՝ Վլադիմիր Պոլույանը, տեղեկատվության՝ Օլեգ Պրոլեսկովսկին:

Բելառուսական կառավարության վերադասավորումների պատճառների մասին դեռ չի հայտնվում: Սակայն Լուկաշենկոյի նախաձեռնության արձագանքներն իրենց երկար չեն սպասեցրել: «Ռազմավարություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Լեոնիդ Զայիկոյի կարծիքով, կառավարությունում զանգվածային վերադասավորումներն ընդամենը բյուրոկրատական խառնաշփոթ են: «Դա համընկնում է իրավիճակի ընդհանուր գնահատականի հետ: Կառավարության անդամների հետ վերջին հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն նրանց անբաններ է անվանել եւ անբաններին փոխարինել է իրենց տեղակալներով: Ես այդ կադրային փոփոխությունները լուրջ չէի համարի»,- կարծում է Զայիկոն: