Դեկտեմբերի 7-ին Մոլդովայի խորհրդարանը փորձելու է նախագահ ընտրել: Երկրի ղեկավարի պաշտոնի համար միակ թեկնածուն Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, 43-ամյա տնտեսագետ Մարիան Լուպուն է: Նրա թեկնածությունը միաձայն պաշտպանում են Մոլդովայում կառավարող Եվրաինտեգրման համար Դաշինքի 53 պատգամավորները: Հիշեցնենք, որ խորհրդարանն ունի 101 պատգամավոր:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ընտրությունների ինտրիգն այն է, թե կհամաձայնի՞ արդյոք ընդդիմադիր Կոմունիստական կուսակցությունը մասնակցել ընտրություններին եւ իր ձայնը տալ Լուպուին: Առաջին ընտրություններում, որ կայացան նոյեմբերի 10-ին, կոմունիստները համախմբված որոշում էին ընդունել չմասնակցել ընտրություններին, եւ բոլոր 48 պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը գաղտնի քվեարկության ժամանակ:

Իր հերթին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նկատում է, որ Կոմունիստական կուսակցությունը չի աջակցի Մարիան Լուպուին նաեւ այս անգամ՝ խորհրդարանի ցրմանն ու արտահերթ ընտրությունների հասնելու նպատակով: Այդ մասին լրագրողներին հայտնել է կոմունիստների առաջնորդ, նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը: «Լուպուն ցանկություն է հայտնել հանդիպել ինձ հետ այսօր: Մենք կարող ենք հանդիպել եւ քննարկել, թեեւ ամեն ինչ էլ պարզ է: Ցավոք, այլ ճանապարհ չկա»,- ասել է Վորոնինը: