Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներն այսօր՝ ապրիլի 30–ին, հերթական անգամ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծելկ իրենց բնակարանների խնդիրը, քանի որ ամեն վայրկյան այդ շենքերը կարող են փլվել։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ժամանակ առաջ իշխանության ներկայացուցիչները եկել են իրենց բակ, խոստացել, որ բոլորին կապահովեն բնակարանով, բայց խաբել են. «Սուտլիկ ոսկանի կառավարությունն է։ Մենք արդեն, մենք պատրաստվում ենք հավաքվենք մի քանի հարյուր հոգի, գնանք Մակրոնի այցելությանը, հավաքվենք, խայտառակ անենք մեր կառավարությանը։ Գալու ենք վրանները խփենք, նստենք հրապարակ, անպայման անելու ենք, մենք արդեն որոշել ենք։
Մեր բոլորի առաջարկը նույնն է՝ ապահովեն բնակարաններով, քանի որ ժողովրդի վիճակն ահավոր է։ Այս պահին մենք ամենավերջին փուլում ենք, մեր վերջին դիմումը եկել է կառավարություն, հիմա ասում են սպասեք ժամը 12:30, չորս հոգի ընդունելու են, վերջնական պատասխանը ասեն։ Տեսնենք, թե ինչ է լինելու, ապահովեն բնակարաններով՝ ապահովեն, եթե չեն անելու ուրեմն մենք նստացույց ենք անելու, փակելու ենք բոլոր փողոցները, մինչև մեր հարցի լուծումը տան։
Թող մեկը գա կառավարությունից 5 րոպե ոտք դնեն մեր շենք, տեսնենք՝ կմնա՞ն, թե՞ չեն մնա։ Արդեն հոգնել ենք նույն խոսքերը ասելուց։ Գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ գնացեք կառավարություն, գալիս ենք կառավարություն, ասում են՝ գնացեք քաղաքապետարան։ Հո մենք այստեղ կլոուն չե՞նք»։
Երբ ընտրություններ են լինում, 100 հոգով գալիս են, ասում են՝ գնացեք ընտրության, ընտրեք, լավ կլինի։ 2018–ին ընտրել ենք, հիմա թող ինքն էլ մեզ հասկանա, 180 բնակչի կյանքը վտանգված է էս պահին»,–ասաց բնակիչը։
Վարդաշենցիները նշեցին, որ իրենց ընդունելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, սակայն հույս չունեն, թե դրական պատասխան կստանան։
Նշենք, որ Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է Կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։




























