Թերթը գրում է, որ Գարեգին Բ կաթողիկոսն այսօր հովվապետական այցով մեկնելու է Ֆրանսիա:
«Թեեւ Մայր Աթոռից վստահեցնում են, որ կաթողիկոսի այցը միմիայն եզրափակվելու է Մարսել այցելությամբ, սակայն, որոշ տեղեկություններով, այդ այցը բոլորովին այլ նպատակ է հետապնդում: «Հովվապետական այցն իրականացվում է Ֆրանսիա միմիայն Մարսելում Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 80-ամյակի առիթով եւ բացարձակ առնչություն չունի որեւէ այլ խնդրի: Վեհափառ հայրապետը այցով կլինի միայն Մարսելում»,-մեր հարցմանն ի պատասխան, ասաց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամը:
Որոշ տեղեկություններով, կաթողիկոսի այցն անմիջականորեն պայմանավորված է Նիցցա քաղաքում ստեղծված խայտառակ վիճակով: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ համայնքի ներսում խռովություն է, համայնքը երկու մասի է բաժանվել: Հայ առաքելական եկեղեցին փորձում է միջամտել համայնքի կյանքին՝ տեղի եկեղեցուն պարտադրելով իր կանոնները: Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի ու Հայաստանի առաքելական եկեղեցու միջեւ ծագած վեճը տեղափոխվել է ֆրանսիական դատարան, որտեղ երկարուձիգ դատապրոցես է սպասվում:
Առաքելական եկեղեցին ամեն գնով փորձում է պարտավորեցնել նրանց՝ ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի՝ Սփյուռքում եկեղեցիների կազմակերպչական ու ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգեւորականների տիրապետության տակ, այդ թվում նաեւ եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները: Իսկ տեղի համայնքը՝ մի քանի թուրքահայերի գլխավորությամբ, դիմադրում է դրան եւ ձգտում ինքնավար լինել:
Ասում են՝ կարեւոր դեր է խաղում այն, որ համայնքի ներկայացուցիչները հասարակական կազմակերպության անվան տակ մեծ գումարներ են աշխատում եւ դա չեն պատրաստվում զիջել Էջմիածնի ներկայացուցիչ հոգեւորականին ու Հայ առաքելական եկեղեցուն: Այդ վեճում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առայժմ պարտություն է կրում: Ֆրանսիական դատարանը գտել է, որ ֆրանսահայերն իրավացի են, առաջնորդվելով նախկին` խորհրդի կողմից ընդունված եկեղեցական կարգով, սակայն պայքարը շարունակվում է»,- գրում է «Հրապարակը»:



























