Հայաստանյան դատարաններն արդարադատություն չեն իրականացնում: Այդ մասին, այսօր` հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանն` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք գործերով կայացված վճիռներին:
Ըստ փաստաբանի, Հայաստանի դատարաններում համատարած խախտվում են անձանց իրավունքները: Նա հատկապես ընդգծել է անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ ժամկետը երկարաձգելու պրակտիկան` նշելով, որ համատարած խախտումներով են կայացվում որոշումները, ինչը հիմք է տալիս կարծելու, որ դա իրականում դատման պրոցես է:
Փաստաբանը նշեց, որ դատարաններում կայացված կալանքի որոշումները երբեմն զավեշտի են վերածվում, քանի որ անձանց անուններն արտատպվում են, նախորդ որոշման մեղադրյալի անունը մնում է նույնը:
Լուսինե Սահակյանը ներկայացրեց իր պաշտպանյալ Կամո Փիրուզյանի գործը: Վերջինս 2006թ. կալանավորվել էր Ալավերդիում զինված հարձակման գործոց եւ 1 տարուց ավելի մնացել անազատության մեջ, դատարանում նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսեւորվել` պահել են ճաղավանդակում, եւ 2007թ. Փիրուզյանին արդարացրել են: Օրերս Եվրադատարանը վճիռ է կայացրել նրա բողոքի հիման վրա եւ կառավարությանը պարտավորեցրել 8 հազար եվրո վճարել Փիրուզյանին:
Ըստ փաստաբանի, նրա գործով մի քանի խախտումներ են արձանագրվել, որոնցից երկուսը կապված են օրենսդրության հետ: ՄԻԵԴ-ը նաեւ նշել է, որ դատական ակտերը պատճառաբանված չեն եղել:
Փաստաբանը շեշտեց, որ նույն պրակտիկան շարունակվում է նաեւ այսօր: «Գրեթե բոլոր գործերով անձը կալանավորվում է, եւ եթե Վճռաբեկ դատարան բողոք ներկայացվի, խախտումները ճանաչվելու են, բայց Վճռաբեկ դատարանը չի ցանկանում փոխել իրավիճակը»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Վերջինս պահանջում է պատժել մեղավորներին, ում պատճառով Եվրադատարանը վճիռ է կայացնում: Փաստաբանն առաջարկում է գումարները գանձել դատավորից, այդ դեպքում նա խախտում չի կատարի, մինչդեռ այսօր դատավորները գիտեն, որ պատասխանատվության չեն ենթարկվի եւ կատարում են խախտումը, իսկ դատարանի ապօրինի որոշման պատճառով կրկնակի վճարում է հարկատուն:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























