Թերթը գրում է, որ Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, թե ինքը վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող  անշարժ գույքը:

«Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար՝  2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում եւ մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «Ժառանգության» գրասենյակ»,- ներկայացրել է Սահակյանը՝ հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որ օրվա հացի ապրուստ հոգա:

Հիշեցնենք, որ Սահակյանն արդեն բավականին երկար լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ՝ հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետեւանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը:

«Ինչո՞ւ եք վաճառում ունեցվածքը, ուզում եք լքե՞լ Հայաստանը» լրագրողի հարցադրմանը Սահակյանը պատասխանել է. «Ես ուզում եմ նորմալ երկրում ապրել, ոչ թե քծնելով եւ սողալով՝ անդամակցել հանցագործ իշխանություններին, որ մի շերեփ լափ շպրտեն դեմդ»: Հետո հավելել է, թե այդ գումարով մտադիր է արտերկրում բիզնես գործունեություն ծավալել»,- գրում է «Հրապարակը»: