ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հունիսի 29-ին, մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԱԽ մամուլի գրասենյակից:
Ողջունի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստանում քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածությունը մտահոգիչ խնդիր է, եւ այն նաեւ կարեւորվում է այս ոլորտում Հայաստանի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համատեքստում: Անհրաժեշտ է միջոցներ ձեռարկել քրեակատարողական հաստատությունների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաեւ հանրության համար վտանգ չներկայացնող անձանց նկատմամբ պատժի միջոցների բարեփոխման ուղղությամբ»:
Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. եւ Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. ծրագրում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պրոբացիան, որպես այլընտրանքային պատժատեսակ, ունի մի շարք առավելություններ, եւ պրոբացիոն հաստատության հիմնումը կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը եւ հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը:
ԱԱԽ քարտուղարը նաեւ ընդգծել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի կիրառման դեպքերն ու հանգամանքները, ինչպես նաեւ կարեւորել է պրոբացիոն ծառայության եւ մյուս ծառայությունների միջեւ համագործակցության ձեւերի եւ իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությունը:



























