NEWSam -ին հայտնի է դարձել, որ այսօր՝ հուլիսի 1-ի գիշերը, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան զինամթերքով եկած եւ ռեստորանը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ կասկածվող փոխգնդապետ  Վարդան Սամվելյանը ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է:

Որոշ տեղեկություններով վերջինս մուտք գործելով  ռեստորան, նախ փորձել է հանդիպել անվտանգության աշխատակիցներին: «Հլը կանչեք ախրանային»,-դիմել է Վարդան Սամվելյանը, ապա սպառնացել պայթեցնել ռեստորանը, սակայն նրա հետ տեւական ժամանակ բանակցություններ են վարվել, ինչից հետո  ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանություն:

NEWSam-ը տեղեկացավ, որ քիչ առաջ  նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ՊՆ քննչական ծառայություն, քանի որ  ռեստորանը պայթեցնելու մեծ կասկածվողը զինվորական Է;

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSam-ը, Երեւանում, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ավան վարչական շրջանի  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ:

Դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը  եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ:

Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ըստ որոշ տեղեկությունների, պայուսակը «Հարսնաքար» ռեստորանային համալիր է բերել Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը եւ սպառնացել պայթեցնել շենքը: Նշվում է, որ նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: