«Հարսնաքարում» ծեծի արդյունքում մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի գործի վերաբերյալ իշխանությունների, մտավորականների արձագանքն ադեկվատ չի, որը պետք է ստեղծվի նման դեպքերի ժամանակ: Այս մասին այսօր` հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, երբ սահմանին զինվոր է սպանվում, մտավորականությունը ոտքի է կանգնում, բայց, երբ ներքին տականքն սպանում է քո զինվորին, այս դեպքում ոտքի չեն կանգնում:

«Իհարկե, հասարակության մի մասը, ակտիվ երիտասարդությունը լավ է արձագանքում, ինչը մխիթարանք է: Այս դահիճների, մահակների դեմ պայքարել է պետք: Այս անպատժելիությունը գալիս է պապլավոկներից (խոսքն «Առագաստ» սրճարանի մասին է, որտեղ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամը ծեծելով մարդ էր սպանել-խմբ): Սրա պատճառով է արտագաղթը: Ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քանի որ ավելի մեծ վնաս կարող է հասցնել: Պետք է պատժվեն բոլոր իրական կազմակերպիչները: Հակառակ դեպքում այս բեսպրեդելը Հայաստանը կարող է կործանել. լինի դա Նեմեց, թե ցեց չգիտեմ»,- ընդգծեց Արամ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է  «Հարսնաքար» ռեստորան զինամթերքով եկած եւ ռեստորանը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ կասկածվող փոխգնդապետ Վարդան Սամվելյանի պահվածքին, նա ասաց, որ դա ըմբոստ ոգու դրսեւորում է: «Դա եւս չեմ ընդունում, բայց ոչ ոքի չի կարելի մեղադրել, երբ ընկերոջդ, հարազատիդ սպանում են, այդ պահին դժվար է մարդուն ասել սպասի տեսնենք հարգարժան դատավորը ինչ է որոշում: Անզոր մարդու կեցվածք է: Երբ չկա արդարադատության հույսը եւ այն սպասելիքը, որ իրական կազմակերպիչները կպատժվեն, դրա արդյունքն է, որ մարդն սկսում է  ինքնագործունեությամբ զբաղվել»,- ավելացրեց Արամ Մանուկյանը, հավելելով, որ թողտվությունը իշխանության վերին էշելոններից է գալիս:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու թիկնազորի անդամներ:» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի