2012 թ. ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արդեն ստացել է 160 գրավոր բողոք, այն դեպքում, երբ 2011 թ. ընդհանուր առմամբ ստացվել էր 144 գրավոր բողոք; Այդ մասին այսօր` հուլիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Բողոքների աճը նա պայմանավորեց ԱՊՊԱ-ով (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): «Ես դա ավելի շատ պայմանավորում եմ ԱՊՊԱ-ով` նոր գործիք է, նոր ծավալներ են, նոր հաճախորդներ են, այդ պատճառով ԱՊՊԱ-ի մասով բողոքները շատ են»,- ասաց Փ. Սարգսյանը:
Արդյունքում` 2012 թ. քաղաքացիները ավելի շատ բողոքել են ապահովագրական ընկերություններից, այնինչ նախորդ տարի բողոքների մեծ մասը վերաբերել են առեւտրային բանկերին:
Փ. Սարգսյանի տեղեկացմամբ` բողոքների մոտ 71.8% լուծված են հօգուտ հաճախորդի, ավելին` դրանց մեծ մասը հաշտության գործեր են, երբ ֆինանսական հաստատությունները նախապատվություն են տալիս հաշտության համաձայնագրին եւ դա ձեւակերպում են ֆինանսական հաշտարարի միջոցով:


























