Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են բանավեճերը MNP (համարների տեղափոխելիություն) ծառայության ներդրման ուղղությամբ: MNP -ն թույլ է տալիս բաժանորդներին պահպանել իրենց համարը` անկախ այն բանից, թե որ օպերատորի ծառայություններից են օգտվում: Առայժմ քննարկման փուլում է միայն բջջային կապի համարների տեղափոխելիության հարցը, ինչի նկատմամբ բջջային կապի հայաստանյան օպերատորները տարբեր մոտեցումներ ունեն: Մասնավորապես` «Orange Արմենիան» շտապեցնում է ծառայության ներդրումը, իսկ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համարում են դա ժամանակավրեպ: Ստորեւ ներկայացնում ենք այդ ընկերությունների ներկայացուցիչների տեսակետները, որոնք հնչեցին հանգստյան օրերին Աղվերանում կազմակերպված քննարկումների ընթացքում:

Դավիթ Սանդուխչյան, «ԱրմենՏելի» իրավաբան

MNP-ն բարձրացնում է սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը, խթանում է մրցակցությունը շարժական ձայնային կապի շուկայում՝ նվազեցնելով գնային եւ բարձրացնելով սպասարկման որակի մակարդակը: Interconnect Communication խորհրդատվական ընկերության  արդյունքներով` ԵՄ-ում այդ ծառայությունից օգտվել է բաժանորդների 3.2%-ը։

Այդ ցածր ցուցանիշն ունի մի շարք պատճառներ.

- ծառայության ժամանակավոր անհասանելիությունը,

- Հայաստանի նման փոքր շուկաներում նաեւ ծառայության համեմատական բարձր արժեքը,

- զանգի ուղղության վերաբերյալ այլ բաժանորդների հետ հաճախ տեղի ունեցող շփոթությունը:

MNP-ն պահանջում է շարժական օպերատորներից կատարել լրացուցիչ կապիտալ եւ գործառնական ծախսեր (նախնական հաշվարկներով` 1 մլն ԱՄՆ դոլար): Սակայն MNP-ն նվազեցնում է օպերատորների եկամուտները (համաձայն Ստենդֆորդի համալսարանի կողմից անցկացված հետազոտման` զարգացող, ոչ կայուն շուկաներում մինչեւ 20%):

Արդյո՞ք այն ներդրումները, որոնք պահանջվում են MNP-ի ներդրման համար, հնարավոր չէ ավելի արդյունավետ օգտագործել, օրինակ` լայնաշերտ ինտերնետն ավելի մատչելի եւ ավելի հասանելի դարձնելու համար։

MNP-ն առաջին հերթին բխում է այն օպերատորի շահերից, որը վարում է շուկայում գնագցման քաղաքականություն։ Սովորաբար դա շուկա նոր մուտք գործած օպերատորներն են, սակայն ոչ պարտադիր նրանք. կարող է նաեւ ձեռնատու լինել ցածր եկամուտներ ունեցող ցանկացած օպերատորին։

Վահե Հովհաննիսյան, Orange Armenia-ի փոխկապակցման հարցերով խորհրդական

Քանի որ բաժանորդն է արժեք հաղորդում իր համարին՝ զանգեր կատարելով եւ ընդունելով, նրան գովազդելով, ապա այն պետք է պատկանի հենց իրեն… Եվրոպայում եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում համարների տեղափոխելիությունն այն կարեւորագույն միջոցներից մեկն է, որը մեծապես նպաստում է բաժանորդների կողմից օպերատորների միջեւ ազատ ընտրություն կատարելուն: Այն նաեւ կարեւորագույն խթան է հանդիսանում մրցակցության համար, հատկապես շուկա մուտք գործող նոր օպերատորի պարագայում:

Ճիշտ չէ այն պնդումը, որ MNP –ն նպաստում է բաժանորդների արտահոսքին: Այն մեծացնում է բաժանորդների ազատության հնարավորությունը:

Ելնելով միջազգային փորձից` Հայաստանյան օպերատորների համար ներդրման արժեքը կարող է տատանվել 100 հազար եվրոյից մինչեւ 1.5 միլիոն եվրո:

MNP-ի ներդրման անհրաժեշտությունն ակնհայտ է: Ամենատարածված լուծումը All Call Query տարբերակն է՝ կենտրոնական տվյալների բազայի օգտագործմամբ;

Ամբողջ աշխարհում բազմաթիվ երկրներ ներդրել են Համարների տեղափոխելիությունը, իսկ եվրոմիությունում այն համարվում է սպառողների հիմնարար իրավունք, որը սահմանված է 2002 թ. Ունիվերսալ Դիրեկտիվում:

Համարների շարժականության ներդրման հիմնական արդյունքը մրցակցության բարձրացումն է, որը արտահայտվում է ոչ միայն գների իջեցմամբ, այլ նաեւ ծառայությունների որակի բարձրացմամբ, նորարարությամբ: Արդյունքում, մեկ բաժանորդից ստացվող միջին հասույթը մեծանում է, որը մեծացնում է շուկան՝ հանգեցնելով ներդրումների խթանմանը եւ ծառայությունների որակի բարելավմանը՝ ի շահ օգտագործողների:

Արմեն Այվազյան, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության մարկետինգի վարչության պետ

MNP-ն ժխտելը լուրջ չէ, որովհետեւ լավ ծառայություն է: Բայց խնդիրը ծառայության ներդրման ժամանակին է վերաբերում: Օրանժը մեծ ընկերություն է, որտեղ գիտեն, թե ինչու է պետք ներդնել, եւ ինչու չպետք է դա անել: Օրինակ` Օրանժը Մոլդովայում դեմ է MNP-ին:

Ես պետք է տարանջատեմ եվրոպական երկրները հետխորհրդային շուկաներից: Եվրաինտեգրացման ճանապարհին Հայաստանն ընդամենը գտնվում է ասոցացման պայմանագրի նախապատրաստման փուլում: Հաշվի առնելով, որ եվրոպական երկրներում ճգնաժամ է, պետք չի ընդօրինակել: Շատ կուզենայի, որ մեր տնտեսությունը լիներ Թուրքիայի մակարդակին, բայց այնտեղ այս ծառայության մասով իրավիճակը բոլորովին այլ է, քան ներկայացվում է: Մասնավորապես` կանխավճարային եւ հետվճարայինի հետ կապված: Կանխավճարայինում չկա MNP, որը բերում է ոչ թե բաժանորդների շահերի պաշտպանության, այլ ընդհակառակը` ստիպում է ավելի շատ ծախսել կանխավճարայինի համեմատ:

Մեր կարծիքը հետեւյալն է` հետխորհրդային երկրներում այս ծառայության ներդրմամբ շտապել պետք չէ: Վրացիները շտապեցին, որովհետեւ շարժվում են դեպի Եվրոպա եւ ԱՄՆ: Թե Բելառուսում ինչո՞ւ շտապեցին` այդպես էլ չհասկացանք, բայց անոմալիա է առաջացել, ու իրենք էլ չեն հասկանում; Այդ երկու շուկաների վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղի է ունենում շուկաների մոտ 30% կրճատում: Հայաստանում դա կբերի Օրանժի փակմանը, ես դրանում համոզված եմ, իսկ մեր դեպքում կբերի նրան, որ չենք կարող զարգանալ: 

MNP-ն պետք է, բայց հասարակությունն ու տնտեսությունը պետք է հասունանան դրա համար: 1.5 մլն եվրոն մեկ բաժակ ջուր չէ, այլ բավականին մեծ գումար, որն այլ ուղղություններով ներդնելու դեպքում Հայաստանին ավելի օգուտ կտա: Եկեք հստակ տարանջատենք Օրանժի շահերը բաժանորդների շահերից: Եթե Օրանժի մոտ ալտրուիզմ կա, թող նույնը լինի եւ Մոլդովայում, եւ Հայաստանում: Բայց Մոլդովայում դեմ են, իսկ Հայաստանում` կողմ: Եթե սա միակ առեւտրային ճանապարհն է շուկայում դիրքերը ուղղելու, խնդրեմ, բայց ոչ ամբողջ շուկայի ծավալների հաշվին: Կատարեք ներդրումներ, որակը բարձրացրեք, անցնենք մրցակցության այդ մակարդակին;

Պետք է սպասել, տեսնենք ինչ է կատարվում Վրաստանում: Այնտեղ MagdtiCom-ը 1.5 տարում 45 % եկամուտների կորուստ ունեցավ, ու չի կարողանում անտենա տեղադրել: Այստեղ բաժանորդի շահը որն է՞: Բելառուսում վիճակը դեռ այնքան վատ չի, բայց ՄՏՍ-ը Բելառուսում ներկայացված է, ու նկատի ունենալով բողոքների քանակը` իրենք ողբերգություն են ապրում:

Մեր դիրքորոշումն է` MNP-ն պետք է ներդնել ոչ շուտ, քան 2015-16 թ.թ., երբ շուկան կհասունանա: