Հուլիսի 1-ից բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ճանաչվող ամսագրերի շարքից հանվել են այն 9 ամսագրերը, որոնք չունեն էլեկտրոնային օնլայն տարբերակ: Այս մասին այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ նախապես զգուշացվել էր որ հունվարի 1-ից հաստատված ցանկի ամսագրերը մինչեւ հուլիսի 1-ը պետք է ունենան էլեկտրոնային տարբերակ, որտեղ առնվազն կլինեն ռեզյումեներ գիտական աշխատանքների մասին: Դրանով, նրա վստահեցմամբ, կավելացնեն գիտական աշխատանքների օբյեկտիվությունը, հայալեզու գիտական գրականությունը եւ այլն:  «Գիտական ամսագիրը չի կարող հասնալի չլինել գիտնականներին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Մյուս նորությունը, որ նախարարը հայտնեց լրագրողներին այն էր, որ ԿԳ պաշտոնական կայքում գործում է պետական փաստաթղթերի էլեկտրոնային շտեմարան, որտեղից կարելի է գտնել ցանկացած մարդու դիպլոմի համարը, ավարտած բուհը եւ այլն, էլեկտրոնային շտեմարան ստեղծելու նպատակը կեղծ դիպլոմներից խուսափելն է, որպեսզի ամեն մեկը կարողանան ստուգել, թե օրինակ աշխատակցի դիպլոմը կե՞ղծ է, թե` ոչ: Շտեմարանարում արդեն 9000 տվյալ կա, նախարարը հույս ունի, որ մեկ ամսվա ընթացքում ամբողջը կամփոփվի: