Հայաստանում շատ տերմիններ արհեստականորեն են թարգմանվում, ինչը ոչ միշտ է, որ ճիշտ է: Այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Լավրենտի Միրզոյանը` խոսելով մայրենի լեզվի ներկայիս վիճակի մասին:
Նրա խոսքով, Հայաստանում հայոց լեզուն կարծես անտեսված է, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում լեզվի մաքրությանն ու անաղարտությանը: Նա նշել է, որ աղավաղված են ոչ միայն հեռուստատեսությունն եւ գովազդը, այլեւ նույնիսկ հրատարակվող գրքերը:
Խոսելով տերմինների արհեստական թարգմանությունների մասին` Լավրենտի Միրզոյանն ընդգծել է, թե «Հայաստանում կա տերմինաբանական կոմիտե, որը, սակայն, չի գործում, և շատ տերմիններ գործածության մեջ են մտնում առանց տերմինաբանական կոմիտեի համաձայնության»:
«Ինչո՞ւ պիտի ուրոլոգը թարգմանվի միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, կամ սեքսը՝ հաճույքաճխտիկ: Սրանցից ոչ մեկը գործածության մեջ չեն կարող մտնել, մինչեւ չլինի տերմինաբանական կոմիտեի համաձայնությունը: Կամ ինչու պիտի փողոցում ցուցանակ լինի, վրան գրված «Էշի յուղ»,- վրդովվել է Միրզոյանը` առաջարկելով հայոց լեզվի անաղարտության հարցը բարձրացնել պետական մակարդակով:
Նա նաեւ գոհունակություն է հայտնել, որ եթերի, մասնավորապես, սերիալների լեզվի խնդիրը ներկայացվել է Հայաստանի նախագահին:



























