Նիկոլ Փաշինյանն ուզենա, թե չուզենա, ինքն է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ հանրապետական պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, թե իրեն Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու որոշումը համարում է ապօրինի եւ անընդունելի եւ հրաժարվել էր ստանձնել այդ պաշտոնը:

«Դա կապված չէ անձի ցանկության հետ, այլ բխում է օրենքից: Նիկոլ Փաշինյանի կողմից օրենքի մեկնաբանությունը, իմ խորին համոզմամբ, սխալ է, բխում է օրենքի ոչ ամբողջական ընթերցումից: Եւ անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը կհայտարարի` ստանձնում է, թե չի ստանձնում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, այնուամենայնիվ նա հանձնաժողովի նախագահի տեղակալն է լինելու մինչեւ հաջորդ նստաշրջան, եւ եթե դարձյալ ներկայացված կլինի իր խմբակցության կողմից, կդառնա հանձնաժողովի նախագահ»,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, Փաշինյանի ցանկությունը ոչինչ չի փոխում, քանի որ նա է ՀԱԿ-ի միակ ներկայացուցիչը: «Եթե ՀԱԿ-ը օրենքով հնարավորություն ունենար ներկայացնել երկու անդամ, այդ դեպքում խմբակցության որոշմամբ կլիներ, իսկ այժմ ինքնաբերաբար է դառնում հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- ասել է հանրապետական պատգամավորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ասվում է. «Հովիկ Աբրահամյանը հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ է նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ, Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել է տողերիս հեղինակին` առանց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ներկայացման, ինչը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտում է: Աբրահամյանի ստորագրած կարգադրության մասին տեղեկացել եմ մամուլից եւ իմ նշանակումը Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ համարում եմ ապօրինի եւ անընդունելի: Սույնով հայտարարում եմ, որ չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նաեւ մտադիր եմ ակտիվ մասնակցություն ունենալ էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որպես առաջնահերթություն ունենալով իրենց օրենքից վեր դասող օլիգարխ-պատգամավորների վարքուբարքի հարցերը սույն հանձնաժողովի շրջանակներում քննության առնելու օրենսդրական արգելքները վերացնելը, բացերը լրացնելը»: