ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս») «ռազ ի նավսեգդա» հայտարարում է, որ ինքն, ընդհանրապես, ոչ թիկնապահ ունի, ոչ էլ` վարորդ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Առաքել Մովսիսյանը, արձագանքելով մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե ՀԱԿ-ի ակտիվիստ Վարդգես Գասպարիին ԱԺ-ի դիմաց իր թիկնապահն է գետնին տապալել: Նրա խոսքով, ինքը մի օգնական ունի, ով աշխատում է ԱԺ-ում: «Նրանից բացի ընդհանրապես ոչ ոքի չունեմ»,- ավելացրեց Ա. Մովսիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Վարդգես Գասպարիին գետնին գցողն իր ծանոթներից լինի, ով այդ պահին ուղեկցել է իրեն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ազիզ ջան, ուշադիր լսեք, ես չունեմ նման օգնական կամ վարորդ կամ ախռաննիկ: Էլ ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցում գտնվող Աժ մուտքի մոտ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին հրողն ու գետնին տապալողն ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի թիկնապահն է: Թերթը պարզել է, որ հաստլիկ այդ երիտասարդը Գագիկ Հենզելի Գեղամյանն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հունիսի 21-ին, Ազգային ժողովի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոցից) ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի, ում պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, նրա թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական բժիշկների: Գասպարրի ձեռքին եղել է պաստառ` «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ: Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին է մոտեցել ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, եւ խլել է ՀԱԿ ակտիվիստի ձեռքի ցուցապաստառը:Ի պատասխան Վարդգես Գասպարին սկսել է բացականչել. «Ալեքսանյան խուլիգան»: Այդ պահին նրան է մոտեցել Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին տապալել ակտիվիստին եւ հեռացել: Ոստիկանությունում սույն փաստի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: