«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է Ռուբեն Հայրապետյանին ներգրավել քրգործում որպես կասկածյալ:

Նախաձեռնության հայտարարությունում ասվում է.

«Հուլիսի 3-ին հանրության ճնշման ալիքի ազդեցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց ԱԺ մանդատը վայր դնելու մասին: Պատճառը հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի խումբ ռազմական բժիշկների խոշտանգումն է, որի արդյունքում ծեծի ենթարկվածներից մեկը` Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել է:

Ռուբեն Հայրապետյանի` նախագահական նստավայր գնալը եւ դրանից անմիջապես հետո մանդատից հրաժարվելու մասին հայտարարություն անելը հերթական անգամ մտածելու տեղիք է տալիս Հայաստանում որոշումների կայացման մեխանիզմների մասին: Դա նաեւ փորձ էր կասեցնել Ազգային ժողովում խնդրի շուրջ ակնկալվող լայնածավալ քննարկումները:
Հասարակական ճնշումը չի’ դադարելու:

Կան գործի այլ կողմեր եւս: Հաստատված փաստ է, որ ծեծի մասնակիցների թվում են եղել Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ: Սա հիմք է ենթադրելու, որ հունիսի 17-ի հանցագործության ժամանակ «Հարսնաքարում» է գտնվել, չի բացառվում` հաշվեհարդարի հրահանգ է տվել հենց ինքը` Ռուբեն Հայրապետյանը:
Պահանջում ենք`

1. Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:

2. Քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց:

3. Հեռացնել Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Հիշեցնում ենք, որ վաղը` 04.07.2012թ., ժ 10:00 Ազգային ժողովի մոտ տեղի է ունենալու ակցիա` վերոնշյալ պահանջներով: Այդ ժամին ԱԺ-ի դահլիճում ներկա են լինելու բոլոր խմբակցությունները` մասնակցելու Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ»:

Նշենք, որ այս պահին շարունակվում է ստորագրահավաքը, որի մասնակիցները դիմում են ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը՝ խնդրելով Ռ. Հայրապետյանին ազատել ՀՖՖ ղեկավարի պաշտոնից: