Լիբանանում, այսօր` հուլիսի 4-ին, Հայաստանի դեսպանություն են այցելել Բիբլոս քաղաքի «Frères Maristes Jbeil» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք հաղթող են ճանաչվել Լիբանանի ամերիկյան համալսարանում ամեն տարի կազմակերպվող ՄԱԿ-ի մոդել ավանդական միջոցառմանը:

Այս տարի միջոցառմանը մասնակցել են Լիբանանի 120 դպրոցներ, որոնցից «Frères Maristes Jbeil» դպրոցը ներկայացրել է Հայաստանը ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Դպրոցի աշակերտներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ոլորտներին եւ կազմակերպիչների կողմից արժանացել 6 տարբեր մրցանակների: Միջոցառման երկրորդ մասում, որը կոչվում էր «Համընդհանուր ավան», դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի մշակույթը:

Միջոցառման շրջանակներում աշակերտների նախաձեռնությամբ բացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշամատյանում իրենց ստորագրությունն ու ուղերձն են թողել միջոցառման բազմաթիվ մասնակիցներ: Հուշամատյանը հանդիպման ժամանակ փոխանցվել է ՀՀ դեսպանին:

Դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է աշակերտներին` միջոցառմանը մասնակցելու եւ հաղթելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ: