Ժնեւում, այսօր` հուլիսի 9-ին, մեկնարկել է Միացյալ ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի (Համաժողով) մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 12-րդ նիստը, որին մասնակցում է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը` աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանի գլխավորությամբ:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովը յուրաքանչյուր տարի հրապարակում է մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագիտական զեկույց` որեւէ երկրի օրինակով, բացի այդ, տարբեր երկրներից հրավիրված մրցակցային մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները  քննարկում են  նախորդ տարիներին ներկայացված զեկույցների կատարման ընթացքն ու ստացված արդյունքները:

Ի թիվս այլ երկրների, ներկայացվելու է նաեւ Մոնղոլիայի մրցակության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագիտական զեկույցը, որի վերաբերյալ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավարը կներկայացնի առաջարկություններ` հիմնվելով Հանձնաժողովի նախորդ տարիների  հաջողված փորձի վրա:

Հանդիպման առանցքային թեման վերաբերելու է սպառողների շահերի պաշտպանության, մասնավորապես  արտադրանքի անվտանգության խնդիրներին` տնտեսական մրցակցության տեսանկյունից: Քննարկվելու են նաեւ անցումային տնտեսություններում պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված հնարավոր քայլերը: Մրցակցային մարմիններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծրագրերը եւս օրակարգում են:

Նշենք, որ 2010 թվականին վերոնշյալ Համաժողովում ներկայացվել է Հայաստանի մրցակցային քաղաքականության վերաբերյալ զեկույցը, որը հաջորդ 2 տարիներին գնահատվել է լավագույնը`արդյունավետության եւ առաջընթացի առումով: