Տ.Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ծնողները նամակ են ուղարկել NEWS.am-ի խմբագրություն` ահազանգելով, որ դպրոցը կարիք ունի անհապաղ վերանորոգման եւ ջեռուցման, մինչդեռ մինչ օրս ոչ մի աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ եւ նրանք մտավախություն ունեն, որ այս տարի նույնպես ոչ մի աշխատանք չի տարվի: Նրանց նամակում, մասնավորապես, նշվում է. «Մեզ բոլորիս հետաքրքրում է թե ինչ է լինելու Տ.Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ճակատագիրը: Դուք բոլորդ տեղյակ եք,որ դպրոցը կարիք ունի անհապաղ վերանորոգման եւ ջեռուցման: Մինչ օրս ոչ մի աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ եւ դա մեզ մոտ կասկածի հիմք է տալիս, որ այս տարի նույնպես ոչ մի այդպիսի աշխատանք չի լինի եւ ԿԳՆ-ի ու դպրոցի տնօրենի խոստումները լոկ խոսքեր էին»,- հայտնել են նրանք:
Մտահոգված ծնողները նաեւ տեղեկացրել են, որ Կրթության եւ գիտության նախարար Սրմեն Աշոտյանը մի քանի ամիս առաջ Azatutyun.am-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է, որ դպրոցը պետք է դառնա չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց եւ այդ ուղղությամբ բանակցում են ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատան: Այս տարվա հունվարին դպրոցի տնօրենը խոստացել է, որ եթե մինչեւ այս տարվա վերջ դպրոցը չվերանորոգի եւ չջեռուցի, նա դպրոցի տնօրենը չի լինի Ծնողները ուղարկել են նաեւ տեսանյութը, որտեղ տեսագրված է դպրոցի տնօրենի այդ խոստումը կապված վերանորոգման եւ ջեռուցման հետ:
Այս խնդրի առնչությամբ դիմեցինք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին, ով տեղեկացրեց, որ դպրոցի վերանորոգման հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ չգիտեն, թե դա երբ կլինի: Նրա խոսքով` Տ.Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցը ընգրկված է ջեռուցման խնդիր ունեցող դպրոցների ցանկում եւ այնտեղ պետք է կաթսայատուն կառուցվի: Իսկ թե երբ դա կլինի, ապա Նարինե Հովհաննիսյանը հստակ ժամկետ չասաց` վստահեցնելով, որ կաթսայատունը կտեղադրվի մինչեւ դեկտեմբեր, որպեսզի երեխաները տաք դասասենյակներում դաս անեն: ԿԳՆ-ն, Նարինե Հովհաննիսյանի խոսքով, վերանորոգումը չի կարեւորում, այլ այն, որ երեխաները չմրսեն:
Ավելի վաղ NEWS.am-ը եւս անդրադարձել էր այս դպրոցում առկա ջեռուցման խնդրին:


























