Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վերակազմակերպել «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը` այն միացնելով ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերի իրականացմա գրասենյակին:

Սույն որոշումը պայմանավորված է նրանով, որ Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Դպրոցաշինություն» ծրագիրը մոտեցել է իր ավարտին:

12 մլն դոլար արժողությամբ ծրագրով 5 մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացվել են դպրոցների ուժեղացում-վերակառուցում եւ նոր մասնաշենքերի կառուցում:

Հիմնանորոգվել են մայրաքաղաքի թիվ 56, 80, 125, 168, 194, Աշտարակի թիվ 1, Հրազդանի թիվ 12 դպրոցները, կառուցվել են Մարտունիի թիվ 3, Գյումրիի թիվ 30 եւ Վանաձորի թիվ 10 դպրոցների հանդիսությունների եւ սպորտային դահլիճների մասնաշենքերը:

Վերանորոգվել են նաեւ դպրոցներ աղետի գոտում` Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արևշատ գյուղերի եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: