Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում` Դիլիջան քաղաքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՍՀՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյան` հերքելով  մեր կայքի 15.07.12թ «Կառավարության 17 տղամարդկանցից միայն 3-ն է ծառայել ԶՈՒ-ում» նյութում տեղ գտած տեղեկատվությունը, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի ծառայել հայկական բանակում:

«Տեղեկացնում եմ, որ Երեւանի ժողովրդական տնտեսության  ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո` 1994թ. հունիսից մինչեւ 1995թ. հուլիս ամիսը` գործող կարգի համաձայն, պարոն Ասատրյանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում` Դիլիջան քաղաքում: Ունի սերժանտի կոչում: Պարոն Ասատրյանի զինծառայության մասին նշված է նախարարության www.mss.am կայքում տեղադրված կենսագրությունում, ուստի բոլոր հետաքրքրվողներին` հետագա սխալներից խուսափելու համար, խորհուրդ ենք տալիս այցելել մեր կայք, կամ  տեղեկատվությունը ճշտել նախարարությունից»,- հայտնեցին նրանք:

Նշենք, որ Զինված ուժերում ծառայած նախարարներն են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտամ Ասատրյանը, փաստորեն Կառավարության 17 անդամներից 4-ն է ծառայել բանակում: