Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանն Աբովյան-19 հասցեում ստորգետնյա հասարակական սանհանգույցի վերակառուցման հետ կապված` հանձնարարել է աշխատանքների իրականացման վայրում փակցնել համապատասխան տեղեկատվական ցուցանակ եւ միջոցներ ձեռնարկել իրազեկելու հանրությանն ընթացող աշխատանքների մասին:
«Աբովյան փողոցում մենք մեծ աշխատանքներ ենք տարել եւ որեւէ կապիտալ շինարարություն այդտեղ չի ընթանում: Հաշվի առնելով Աբովյան փողոցում հետիոտների մեծ հոսքը` սեփականատիրոջ հետ համատեղ նախաձեռնվել է հասարակական սանհանգույցի վերակառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն հնարավորին սեղմ ժամկետում»,-նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին եւ ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել թվով 20 մեքենա: Զեկուցվել է նաեւ, որ զուգահեռաբար ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նախորդ շաբաթ կայացել է 2 մրցույթ, որին մասնակցել են 11 երթուղիներ:
Զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման ուղղությամբ արդեն մշակվել է տեխնիկական առաջադրանք եւ առաջիկայում կգործարկվի պիլոտային ծրագիրը:
Զեկուցվել է նաեւ, որ վարչական շրջանների 2012 թվականի զարգացման ծրագրերով նախատեսված եւ շարունակվող ասֆալտբետոնե ծածկույթների վերականգնման աշխատանքների մեծ մասն ավարտված է:
Քաղաքապետը եւս մեկ անգամ հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել որակի ապահովումն ու ժամկետների պահպանումը:
Զեկուցվել է, որ կանգառագոտիների վերանորոգման եւ փողոցների գծանշման նպատակով ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո գծանշման ենթական փողոցների ցանկն անմիջապես տրամադրվում է համապատասխան կառույցներին` վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար: Հանձնարարվել է գծանշումները կազմակերպել հնարավորին սեղմ ժամկետում, որպեսզի ապահովվի անտանգ երթեկ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների համար:


























