Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաեւ 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքները:
Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման եւ վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում , նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների արդյունքները։
Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշեր արձանագրվել են Ավան եւ Դավթաշեն վարչական շրջաններում։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբահանության վարձավճարների գանձման նոր մեխանիզմի կիրառման պիլոտային ծրագիրը հաջողությամբ իրականացվում է Արաբկիր եւ Նոր Նորք վարչական շրջաններում։ Անդրադառնալով աղբահանության մասով առկա թերացումներին՝ քաղաքապետն անթույլատրելի է համարել դրանք ու խստորեն հանձնարարել ամենասեղմ ժամկետում շտկել իրավիճակը։
Տարոն Մարգարյանը հստակ հանձնարարականներ է տվել նաեւ մյուս ոլորտներում ցուցանիշները բարելավելու ուղղությամբ։
Անդրադառնալով 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ , ինչպես եւ տարեսկզբին խոստացել էր, լավագույն արդյունք ցուցաբերած վարչական շրջանները կպարգեւատրվեն։ Ըստ այդմ, կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երեւանի քաղաքապետի որոշմամբ պարգեւատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 եւ երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը 1 մլն դրամով։



























