Հայաստանի 5 մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուների առաջադրման առաջին երկու օրերին` օգոստոսի 5-6-ին, առաջադրումներ են եղել ընդամենը 69 համայնքներում, այդ թվում` 8 քաղաքներում: Ընդհանուր առմամբ առաջադրվել է 84 թեկնածու:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Գյումրիում (Շիրակի մարզ), Էջմիածնում (Արմավիր), Տաշիրում եւ Ստեփանավանում (Լոռի), Կապանում եւ Մեղրիում (Սյունիք) երկու օրում առաջադրվել է քաղաքապետի մեկական, իսկ Վանաձորում (Լոռի) եւ Մասիսում (Արարատ)` երկու թեկնածու:

Գյումրիում միակ առաջադրվածը ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է: Էջմիածնում եւ Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ, գործող քաղաքապետեր Կարեն Գրիգորյանը եւ Նշան Սողոյանը, Կապանում` գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը, Ստեփանավանում` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ, անկուսակցական Միքայել Ղարաքեշիշյանը, Մեղրիում` անհատ ձեռնարկատեր, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:

Վանաձորում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը եւ ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը: Մասիսում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը եւ ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը:

Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18-ն է: