Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, աշխարհում հարկադիր աշխատանքի զոհերի 55 %-ը եւ սեռական շահագործման զոհերի 98 % -ը կանայք եւ աղջիկներն են: 2002-2011թ.թ. բռնի սեռական շահագործման է ենթարկվել 4,5 մլն մարդ: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում հրապարակած «Կանանց եւ աղջիկների առեւտուրը» զեկույցում:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս չարիքին դիմակայելու համար Գլխավոր ասամբլեան 2009թ. հաստատել է մարդկանց առեւտրի դեմ պայքարի գործողությունների համապարփակ ծրագիր: 40 երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հայտնել են ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների մասին:
Զեկույցից հետեւում է, որ 10 երկրներում, այդ թվում Բելառուսում եւ Թուրքմենստանում, ընդունվել են մարդկանց առեւտրի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ: Գնալով ավելի շատ երկրներ պաշտպանում եւ աջակցում են մարդկանց առեւտրի հետեւանքով տուժածներին, այդ թվում կանանց եւ աղջիկներին: Այդ աշխատանքներում ներգրավվում են ՀԿ-ները: Նման փորձ արդեն կա մի շարք երկրներում, որոնց թվում են Բելառուսը, Թուրքմենստանը եւ Էստոնիան:
ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում բոլոր երկրներին միանալ կանանց եւ աղջիկների առեւտրի վերացմանը՝ ապահովելով մարդկանց առեւտրի բոլոր ձեւերի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների մշակում:




























