Առաջիկա օրերին կնշանակվեն նոր փոխնախարարներն ու փոխմարզպետները: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները:
Մեր տեղեկություններով` փոխնախարարներ կնշանակվեն Արտակարգ իրավիճակների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, մշակույթի եւ սփյուռքի նախարարություններում, իսկ փոխմարզպետներ` Լոռիում, Արագածոտնում եւ այլն:
«Օրինաց երկիր» կուսակցությանը կտրվի 4-5 փոխնախարարի եւ փոխմարզպետի պաշտոն, մնացածները կզբաղեցնեն ՀՀԿ-ականներ, հնարավոր է նաեւ` անկուսակցականներ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելուց հետո այդ կուսակցության անդամ հանդիսացող փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարվել են իրենց պաշտոններից:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին:
Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել եւ տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում»:
Հայտարարությունը ստորագրել էին ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռիի փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը եւ Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը:



























