««Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- «168 ժամի» հետ զրույցում երեկ ասել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե` «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Աարգսյանը հստակ խնդիր ունեն` փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ, որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որեւէ միջոցի առջեւ` լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում»:
«Ես որեւէ մեկնաբանություն չունեմ: Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ եւ երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել: Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է: Կարծում եմ, այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել, ու չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ միջադեպն իմ անվան հետ են կապում: Կրկնում եմ, որ ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ՝ բացասական տեսանկյունից»,- նշել է Բեգլարյանը: Ի պատասխան մեր դիտարկման, թե հայտարարության մեջ նաեւ ասված է, թե «այս ամենը ինչ-որ տեղ տրամաբանական է, քանի որ երկրի տնտեսությունը քանդելուց հետո պետք է շեղել հասարակական տրամադրությունները», Բարսեղ Բեգլարյանն ընդգծել է. «Չգիտեմ` ո՞ր հոդվածի առիթով են հնչել նման մեկնաբանություններն ու ո՞վ է այս ամենի պատվիրատուն, բայց հավաստիացնում եմ, որ ես Գ. Ծառուկյանի հասցեին երբեւէ վիրավորական կամ հերյուրանքի խոսքեր չեմ հնչեցնի: Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»»,- գրում է «168 ժամը»:




























